Արմինֆո. 2024 թվականին 21 ծրագրերի և 138 միջոցառումների իրականացման համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ծախսել է շուրջ 307 մլրդ դրամ։ Այդ մասին հունիսի 16-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ ներկայացնելով նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը։
Նրա ասելով՝ հաշվետու տարում ծախսային հոդվածներով գերատեսչությունը ծախսել է 4,6 մլրդ դրամով կամ 1,7 տոկոսով ավելի, քան 2023 թվականին։ 118 մլրդ դրամը կամ 43 տոկոսը կազմել են կապիտալ բնույթի ծախսերը։
19 մլրդ դրամ հատկացվել է էներգետիկայի ոլորտին, որից ծախսվել է 18,3 մլրդ դրամ (4 ծրագիր և 12 միջոցառում): Մասնավորապես, էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման համար ծախսվել է 14,2 մլրդ դրամ ։ Ավարտական փուլում են գտնվում <Զովունի>, <Արարատ-2>, <Շինուհայր> բարձրավոլտ 220 կՎ ենթակայանների լիարժեք վերականգնման աշխատանքները: Դրանք արդեն դրված են լարման տակ և շահագործվում են։
Շարունակվում է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և սպասարկող ենթակայանի շինարարությունը: 2024 թվականի արդյունքներով աշխատանքների շուրջ 80 տոկոսն արդեն կատարված է։
Արդեն ավարտվել է նաև <Մասրիկ-1> արևային ֆոտովոլտային կայանի շինարարությունը: Կայանի հզորությունը 55 մեգավատ է, այն արդեն միացված է ցանցին ՝ փորձարկման կարգավորումներ իրականացնելու նպատակով։
Հաշվետու տարում շարունակվել են Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի մինչև 2026 թվականը երկարաձգման աշխատանքները: ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մոդելի շուրջ քննարկումները շարունակվում են: Նրա հավաստմամբ, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մոդելը կորոշվի իրականացվող հետազոտությունների արդյունքում:
Նշենք, որ ներկայումս երկրում գործող Հայկական ԱԷԿ - ի երկրորդ էներգաբլոկում իրականացվում է դրա շահագործման ժամկետը 10 տարով՝ մինչև 2036 թվականը երկարաձգելու երկրորդ ծրագիրը: Այդ ժամանակահատվածում հանրապետությունում պետք է կառուցվի նոր ատոմային էներգաբլոկ։ Խնդիրը դրա հզորության ընտրությունն է։ Նախորդ տարվա օգոստոսի 1-ին կառավարության որոշմամբ ստեղծվել է "Նոր ատոմային էներգաբլոկի կառուցում" ՓԲԸ, որը պետք է զբաղվի նոր ատոմակայանի արտադրողի ընտրությամբ, բուն շինարարության ընթացքով և հետագա շահագործմամբ: Ընկերության ֆինանսավորումն իրականացվում է երկրի պետական բյուջեի միջոցների հաշվին: Ինչպես սպասվում է, ուսումնասիրությունների առաջին արդյունքները կներկայացվեն 2025 թվականի վերջին։