
Արմինֆո. Իրանաիսրայելական հակամարտության մի քանի օրերի ընթացքում մեր տնտեսվարողները խնդիրների են բախվել։ Այդ մասին հունիսի 16-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին։
Մասնավորապես, նա հաղորդել է, որ բեռնափոխադրողների մի մասը մնացել է իրանական Բենդեր Աբբաս նավահանգստում, մի մասը ՝ երկրի ճանապարհներին:
Ցավով նշելով, որ մակրոտնտեսական գործոնների լուծումը, գործնականում, Հայաստանի իշխանությունների իրավասության ներքո չէ, նախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հակամարտությունը կավարտվի: "Եվ մենք կկարողանանք, ինչպես նախկինում, ազատ առևտուր իրականացնել բարեկամ Իրանի տարածքում", - ասել է Պապոյանը։
Նա անդրադարձել է նաև Վրաստանում հայկական բեռնափոխադրողներին առնչվող իրավիճակին։ Գերատեսչության ղեկավարը հաղորդել է, որ օրվա ընթացքում վրացի գործընկերները խոստացել են զանգահարել եւ քննարկել իրենց տարածքում հայկական բեռների բաց թողնման դանդաղմանն առնչվող իրավիճակը: "Վրացական կողմի հետ բանակցությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները մենք մեր մասով ամբողջությամբ կատարել ենք։ Հուսով ենք, որ վրացի գործընկերներն էլ կկատարեն իրենց պարտավորությունները", - նշել է նա։