Արմինֆո. Այս պահին տնտեսական հարցերի հանձնաժողովը չունի "Հայաստանի էլեկտրական ցանցերի" ազգայնացման մասին օրենքի նախագիծ, քանի որ կառավարության կողմից այդ օրինագիծը դեռևս խորհրդարան չի ներկայացվել: Այդ մասին հունիսի 19-ին լրագրողների հետ զրույցում հաղորդել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նա պարզաբանել է, որ առաջին փուլում քննարկումներ են ընթանում, եւ միայն դրանից հետո նախագիծը կարող է պատրաստ համարվել՝ այն խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու համար: Խոսելով ՀԷՑ-ի ազգայնացման համար անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնությունների մասին՝ Բագրատյանը, չգիտես ինչու, հիշեցրել է, որ երկու ամիս առաջ խորհրդարանում արդեն տեղի են ունեցել "Հայաստանի էլեկտրական ցանցերի" գործունեությանը վերաբերող քննարկումներ, որտեղ բազմաթիվ թերություններ են ի հայտ եկել:
Պատգամավորը պարզաբանել է, որ կա հավանականություն, որ ընկերության «վարկային պորտֆելը» չի սպասարկել անմիջականորեն տվյալ ձեռնարկությունը, եւ կարող էր օգտագործվել ոչ նպատակային: Նա, սակայն, ընդգծել է, որ դրանք ընդամենը ենթադրություններ են, որոնք ստուգման կարիք ունեն։ "Կառավարությունն իրավունք ունի ստուգումների արդյունքում ցանկացած ձեռնարկության վերաբերյալ որոշումներ կայացնել", - հավելել է Բագրատյանը:
Անդրադառնալով "Հայաստանի էլեկտրական ցանցերը" ձեռք բերելու պետության պատրաստակամությանը և դրա համար անհրաժեշտ միջոցների առկայությանը՝ պատգամավորը նշել է ընկերության սեփականատիրոջ հետ բանակցություններ վարելու անհրաժեշտությունը՝ գործարքի գումարը որոշելու համար:
"Պետք է նաեւ հասկանալ, որ երբեմն իրական արժեքը կարող է խաբուսիկ լինել, քանի որ ձեռնարկությունը կարող է զգալի պարտքեր ունենալ, ինչն, արդյունքում, հանգեցնում է ընդհանուր արժեքից այդ պարտքերը հանելու անհրաժեշտության", - պարզաբանել է պատգամավորը:
Նրա ասելով՝ "Հայաստանի էլեկտրական ցանցերի" գնումը հարցի լուծման տարբերակներից մեկն է։ Նա նաև ենթադրել է, որ իր կողմից ավելի վաղ հնչեցված ստուգումները, հնարավոր է, արդեն տեղի են ունեցել, և, ինչպես իրեն է թվում, հենց այդ ստուգումների արդյունքում են ի հայտ եկել փաստեր, որոնք հիմք են տվել ՀՀ վարչապետին նման հայտարարություններ անելու համար: Անդրադառնալով հարցին, թե ինչպես կարող էին իրականացվել այդ ստուգումները, նա նշել է, որ կան բաց աղբյուրներ, որոնք պարունակում են "Հայաստանի էլեկտրական ցանցերի" ծախսերի, ներգրավված վարկերի և վճարված հարկերի մասին բոլոր տվյալները: Այդպիսով, ինչպես նշել է Բագրատյանը, այդ ամենը տեղի է ունենում աուդիտի շրջանակներում։
Պատգամավորը նաև հայտարարել է, որ անիմաստ է պայքարել ժողովրդի ընտրած իշխանությունների դեմ, հիշեցնելով, որ մինչև ընտրությունները քիչ ժամանակ է մնացել: Նա ընդգծել է, որ այս պահին կառավարության ընդունած որոշումներն ապացույցն են այն բանի, որ իրենք պատրաստ են ամեն ինչ անել երկրում իրավիճակը բարելավելու համար:
"Մարդիկ դա հասկանում են, տեսնում են մեր նախագծերը։ Կարևոր է հասկանալ, որ մեր ներքաղաքական խնդիրները մենք ինքներս պետք է լուծենք, դրսից ոչ ոք չպետք է միջամտի դրանց", - հայտարարել է Բագրատյանը, ըստ էության, այդպես էլ չկարողանալով պարզաբանել, թե ինչու է վարչապետն ասում, որ ՀԷՑ-ի ազգայնացումն անխուսափելի է, մինչդեռ, ոչինչ դեռ պարզ չէ։
Պատգամավորը փորձել է այդ ամենը ներկայացնել որպես այն խնդիրների լուծում, որոնց մասին բարձրաձայնում են քաղաքացիները, ինչպես նաև՝ որպես ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի լուծում, որոնք, ըստ նրա, «պետք է դրական ընդունվեն հասարակության շրջանում և գտնեն իրենց լուծումները»:
Հիշեցնենք, որ հայ գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը Երևանում Հայաստանի իրավապահ մարմինների կողմից՝ այն բանից հետո, երբ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն էր հայտնել: Դրան ի պատասխան ՝ բացահայտ սպառնալիքներ էին հնչել վարչապետի կողմից։ Մասնավորապես, Փաշինյանը հայտարարել էր Կարապետյանին պատկանող "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն ազգայնացնելու անհրաժեշտության մասին: Նույն օրը ստուգումներ են սկսվել գործարարին պատկանող հայաստանյան ընկերություններում։
Նշենք, որ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը: 2024 թվականի արդյունքներով ՀԷՑ-ը պետությանը վճարել է ընդհանուր 12,2 մլրդ դրամի հարկեր։ Ընկերության հասույթը գնահատվում է մոտ 40 մլրդ դրամ (105 մլն դոլար)։ Ընկերությունն իրականացնում է երկրի տեխնիկապես և բարոյապես հնացած ողջ էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքի արդիականացման խոշոր ներդրումային ծրագիր։