Արմինֆո. Ներգրաված վարկերի դիմաց "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության բաժնետոմսերի գրավադրումը ոչ թե հանելուկային կամ դավադրական գործելակերպ է, այլ՝ պատասխանատու կառավարման և միջազգային վարկանիշ ունեցող փոխառու կապիտալի ներգրավման պրակտիկ օրինակ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
«Երեկ համացանցում տարածված տեղեկատվությունը, ըստ որի ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են միջազգային ֆինանսական կազմակերպություններում, լայն արձագանք գտավ հանրության հատկապես այն հատվածի շրջանում, որտեղ, ցավոք, ֆինանսական գրագիտության հետ կապված որոշակի խնդիրներ կան։ Արդյունքում (նաև կոնկրետ անձանց ու խմբերի ուղղորդմամբ), անհիմն ու անգրագետ մեղադրանքների և պարզունակ դատողությունների ալիք բարձրացավ՝ ուղղված ընկերության ներկայիս սեփականատերերի դեմ։
Իրականում, ֆինանսական գրագիտություն ունեցող, տեղեկատվության ցանկացած պատասխանատու օգտագործող՝ ուսումնասիրելով վերջին տարիների ՀԷՑ-ի՝ անկախ աուդիտորների կողմից աուդիտի ենթարկած և հրապարակված ֆինանսական հաշվետվությունները կտեսներ, որ բաժնետոմսերի գրավադրման գործարքը թափանցիկ կերպով նկարագրված ու բացահայտված է հիշյալ ֆինանսական հաշվետվություններում։
Իսկ իրականությունն այն է, որ ՀԷՑ-ի կողմից, բաժնետոմսերի գրավադրման միջոցով ներգրավվել է փոխառու կապիտալ, որը սովորական և ողջամիտ մեխանիզմ է խոշոր ենթակառուցվածքային կազմակերպությունների համար՝ հատկապես այն պարագայում, երբ պետության ներսում առկա են հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումային պահանջներ՝ ուղղված էներգետիկ ենթահամակարգերի արդիականացմանն ու կայունության ապահովմանը։
Այլ կերպ ասած՝ սա ոչ թե հանելուկային կամ դավադրական գործելակերպ է, այլ՝ պատասխանատու կառավարման և միջազգային վարկանիշ ունեցող փոխառու կապիտալի ներգրավման պրակտիկ օրինակ։ Որպես հասարակություն, մեր խնդիրն է՝ տարանջատել իրողությունը տգիտության վրա կառուցված խոսույթից և խրախուսել ինստիտուցիոնալ թափանցիկությունը՝ զերծ պահելով պատասխանատու ներդրողներին թիրախավորումից», - ըմդգծել է Դավիթ Անանյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ բաժնետոմսերի 100%-ը գրավադրված է միջազգային ֆինանսական կազմակերպություններում ' տրամադրված շուրջ 200 մլն դոլարի վարկերի դիմաց: Այդ գործարքին համաձայնություն է տվել ՀՀ կառավարությունը 2021 թվականի օգոստոսի 27-ին, իսկ սեպտեմբերի 1-ին՝ նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Ավելին, 2016 թվականին ՀԷՑ-ը գրավի դիմաց վարկ է ստացել նաև ՀՀ կառավարությունից՝ մոտ 6 մլրդ դրամ։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են ազգայնացնել Սամվել Կարապետյանի ղեկավարած "Տաշիր" ընկերությունների խմբի մեջ մտնող ընկերությունը: Ռուսաստանցի գործարարը Երևանի դատարանի որոշմամբ կալանաավորվել է երկու ամիս ժամկետով։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչեր անելու համար։