Չորեքշաբթի, 25 Հունիսի 2025 11:12
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքները

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքները

Արմինֆո Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել կոնյակով բեռնված 49 մեքենա, որոնք տևական ժամանակ կանգնած էին Գեզիում։ Այդ մասին «Ֆեյսբուքյի» իր էջում հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

 

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ ամիս ոգելից խմիչքների հայ արտահանողները կանգնած են Վրաստանի Գեզի տերմինալում։ Առանց որևէ հիմնավորման, պարզաբանման Վրաստանի կարգավորող մարմինները բացում են հայ բեռնափոխադրողների մաքսային կապարակնիքները, վերցվում են արտադրանքի նմուշներ լաբորատոր փորձաքննության համար՝ առանց դրա համար պատշաճ փաստաթղթեր ներկայացնելու ։ Իսկ այդ հետազոտությունների արդյունքները հետաձգվում են օրեր ու շաբաթներ՝ առանց որևէ բացատրության։ Վրացական կողմի գործողությունները կարելի էր հասկանալ, եթե հայկական բեռները մատակարարվեին Վրաստանի շուկա, սակայն այդ երկիրը միայն տարանցիկ տարածք է հայ բեռնափոխադրողների համար, եւ, Առեւտրի համաշխարհային կազմակերպության նորմերի համաձայն, ինչպես ավելի վաղ նշել էին արտահանողները, տարանցիկ երկիրն իրավունք չունի պահել բեռները լաբորատոր փորձաքննության համար: