Հինգշաբթի, 26 Հունիսի 2025 16:25
Նաիրա Բադալյան

Ուլան-Բատորի կողմից Երևանին տրամադրվող զիջումները կծածկեն Հայաստանից Մոնղոլիա արտահանման 98%-ը. Ինչ կտա ՀՀ-ին Մոնղոլիայի հետ ԵԱՏՄ առևտրային համաձայնագիրը

Ուլան-Բատորի կողմից Երևանին տրամադրվող զիջումները կծածկեն Հայաստանից Մոնղոլիա արտահանման 98%-ը. Ինչ կտա ՀՀ-ին Մոնղոլիայի հետ ԵԱՏՄ առևտրային համաձայնագիրը

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, աջակցել Կողմերի միջև տնտեսական և առևտրային փոխգործակցությանը, ինչպես նաև խրախուսել Կողմերի միջև առևտրի ընդլայնումը և բազմազանեցումը։ Համաձայնագրի կիրարկման արդյունքում նախատեսվում է ապահովել Համաձայնագրի կողմերի միջև առևտրի ընդլայնում և դիվերսիֆիկացում, ինչպես նաև բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունը մոնղոլական շուկայում՝ ավելացնելով արտահանման ծավալները:

 

Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, համաձայնագիրը նախատեսում է ապրանքների արտահանման և ներմուծման գործընթացների ժամանակ կիրառվող կանոնակարգերի թափանցիկություն, ինչպես նաև առևտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ ԱՀԿ նորմերի ապահովում:

 

Համաձայնագիրը սահմանում է կողմերի սակագնային պարտավորությունների ցանկը, ապրանքների ծագումը որոշելու կանոնները, Համաձայնագրի գործողության շրջանակում տեղեկատվության փոխանակման հետ կապված առանձնահատկությունները և այլն:

 

Համաձայնագրի անբաժանելի մաս են կազմում կից ցանկերը` յուրաքանչյուր Կողմի համար 367 ապրանքային դիրքով, որոնց մեջ ներառված ապրանքատեսակների հանդեպ Կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ: Հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ։

 

Մոնղոլական շուկայի բացումը Հայաստանի արտահանողներին կապահովի Հայաստանից արտահանվող այնպիսի ապրանքների մատակարարման ավելի մրցունակ պայմաններ, ինչպիսիք են ծխախոտը (Մոնղոլիայի դրույքաչափը 30%), կոնյակը (դրույքաչափը 15%), շոկոլադը (դրույքաչափը 5%), հանքային ջուրը (դրույքաչափը 5%), պահածոյացված մրգերը (դրույքաչափը՝ 5%)։

 

Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն Հայաստանից Մոնղոլիա արտահանման 98%-ը։ Հայաստանից Մոնղոլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքի միջին դրույքաչափը 7,5%-ից կիջնի մինչև 1,2%։ Արդյունքում՝ Հայաստանից Մոնղոլիա արտահանման ժամանակ մաքսատուրքի արտոնություններից տնտեսումները կարող են կազմել տարեկան մինչև 1 մլն ԱՄն դոլար։

 

Համաձայնագրով նախատեսվում է Համաձայնագրի գործողության ժամկետը սահմանել երեք տարի՝ հետագայում ևս երեք տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե կողմերն այլ բան չպայմանավորվեն: