
Արմինֆո. ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը նախօրեին հյուրընկալել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին և Ուղևորափոխադրումների տնօրինության ղեկավար Հրանտ Միքայելյանին։
Կոմիտեի նախագահը բարձր է գնահատել Հարավկովկասյան երկաթուղու ջանքերը տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ և ողջունել այդ նպատակով չեխական զբոսաշրջային օպերատոր Gepard Express-ի հետ համագործակցությամբ հունիսի 28-ից գործարկվող Հայաստանի համար նոր ծառայություն՝ զբոսաշրջային գնացքի մեկնարկը։
Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել երկկողմ համագործակցության հնարավորությունները զբոսաշրջիկների համար Հայաստան այցելությունն առավել գրավիչ և հիշարժան դարձնելու համար։ Կողմերը խոսել են մարքեթինգային միջոցառումների իրակնացման, զբոսաշրջիկների համար գովազդատեղեկատվական նյութերի համատեղ պատրաստման մասին։ Կողմերը կարևորել են նաև համատեղ ջանքերով զբոսաշրջիկների գրավմանն ուղղված նպատակային միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվորեն աշխատել առաջիկայում՝ նպաստելու տեսանելի արդյունքների գրանցմանն ու զբոսաշրջիկների համար Հարավկովկասյան երկաթուղու գրավչության բարձրացմանը։
Նշենք, որ ըստ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալների՝ հունվար-մայիս ամիսներին Հայաստան է այցելել 691.8 հազար զբոսաշրջիկ, ինչը 9,6 տոկոսով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումները Հայաստանում ս. թ. հունվար-ապրիլ ամիսներին նվազել են 14%-ով' կազմելով 147.8 հազար մարդ