Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025 19:41
Նաիրա Բադալյան

Փաշինյանի մոտ քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը

Փաշինյանի մոտ քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Firebird ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիգ Հովակիմյանին, NVIDIA ընկերությանն փոխնախագահ Ռև Լեբարեդյանին և Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանին:

Կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր: Ներդրումային ծրագիրը գնահատվում է շուրջ 500 միլիոն դոլար:

Վարչապետը կարևորել է նախագծի կյանքի կոչումը և ընդգծել ՀՀ Կառավարության աջակցությունը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այն նոր ազդակ կհաղորդի և էական ազդեցություն կունենա Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման ու առաջընթացի ապահովման գործում:

Ռազմիգ Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը նախագծին աջակցելու համար և մանրամասներ ներկայացրել առաջիկա ծրագրերի ու քայլերի վերաբերյալ:

Ակնկալվում է, որ նախագծի շրջանակում կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ, կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք։