
Արմինֆո. Լոռու մարզի Հովնանաձոր ավանում կառուցվում է օրական կարգավորման ջրամբար՝ 9 գյուղերի կարիքները բավարարելու համար: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) պաշտոնական հայտարարության մեջ:
Նախաձեռնությունն իրականացվում է Սերբիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող "Կայունություն ի սկզբանե" ծրագրի շրջանակներում:
Կառուցվող ջրամբարի ծավալը կկազմի 8900 խմ: Դրանից ուղիղ օգուտ կստանան Լոռու Յաղդան, Կողես, Կարմիր Աղեկ, Արևածագ, Ծաթեր, Մղարթ, Այգեհատ, Օձուն և Արդվին գյուղերի բնակիչները: Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով ՀՀ-ում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչի, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի, Լոռու մարզպետարանի ծրագրերի բաժնի ղեկավար Կորյուն Շեկոյանի և Լոռի-Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լոռու մարզ:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսին հայտարարվել էր 1 մլն եվրո բյուջեով "Կայունություն ի սկզբանե" ծրագրի մեկնարկի մասին ։ Ֆինանսավորումը տրամադրվել է Սերբիայի կառավարության կողմից ՝ Լոռու մարզում 2024թ. մայիսյան ջրհեղեղից տուժած համայնքներին աջակցելու նպատակով:-