Ուրբաթ, 11 Հուլիսի 2025 13:46
Ալինա Հովհաննիսյան

Վարդան Կոստանյան. Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձը անհրաժեշտ է ներդնել հանրապետության  մարզերում և Երևանում

Վարդան Կոստանյան. Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձը անհրաժեշտ է ներդնել հանրապետության  մարզերում և Երևանում

Արմինֆո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Թեա Մելիքաձեին, երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալքացիին և երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Ռուդիկ Թադևոսյանին։

 

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և երախտագիտություն հայտնել 14,8 մլն եվրո արժողությամբ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի իրականացման համար, որի մեկնարկը տրվեց հուլիսի 8-ին։

 

Ջորջ Ախալքացին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, շնորհավորել Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների կառուցապատման աշխատանքների ավարտի կապակցությամբ՝ կարևորելով ՏԿԵ նախարարության հետ սերտ գործընկերային կապերը։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, անդրադարձ է կատարվել «Հայաստանի Հանրապետության 8 մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրին։ Նախարարի տեղակալը ընդգծել է, որ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձը անհրաժեշտ է ներդնել հանրապետության 8 մարզերում և Երևան քաղաքում՝ նշելով, որ հայկական կողմը ակնկալում է ՎԶԵԲ աջակցությունը ուսումնասիրությունների իրականացման և միասնական տեսլական ձևավորելու հարցում։

 

Հանդիպման ավարտին քննարկվել են կողմերի համագործակցությամբ պլանավորվող նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ աղբավայրը հագեցած է լինելու կոշտ թափոնների կառավարման ժամանակակից տեխնոլոգիաներով և ներառելու է այդ թափոնների հավաքումն ու օգտահանումը: Այն գտնվում է Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ և կարող է սպասարկել տասներկու բնակավայր՝ 7-ը Կոտայքի մարզում (Հրազդան, Աբովյան, Նոր Հաճն, Բյուրեղավան, Չարենցավան, Եղվարդ, Ծաղկաձոր), և 5-ը Գեղարքունիքի մարզում (Սևան, Վարդենիս, Գավառ, Մարտունի, Ճամբարակ): Աղբավայրի շինարարությունը պետք է սկսվեր դեռևս 2020 թվականին և ավարտվեր 2022 թվականին, սակայն ժամկետները փոխվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով։