
Արմինֆո. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակտիվորեն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով՝ գործընկեր կառույցի՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) հետ համատեղ:
ՍԱՏՄ հաղորդագրության համաձայն, ծաղկի արտադրավայրերում՝ ջերմոցային տնտեսություններում, անցկացվել են համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում որոշվում է կոնկրետ արտադրողի արտադրանքի Ռուսաստան արտահանելու հարցը:
«Այս պահին արդեն ունենք 7 կազմակերպություն, որոնց, համատեղ տեսչական վերահսկողությունից հետո, թույլատրվել է արտահանումը, մյուս տնտեսություններում միջոցառումները շարունակվում են:
Առաջիկայում աշխատանքային այցով Հայաստան կայցելի Ռոսսելխոզնադզորի մասնագետների խումբը՝ ՍԱՏՄ տեսուչների հետ համատեղ ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով», - ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ "Ռոսսելխոզնադզոր"-ը ժամանակավորապես դադարեցրել էր Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներկրումը՝ Հայաստանից մատակարարվող ծաղիկների խմբաքանակներում կարանտինային վնասատուների, մասնավորապես ՝ արևմտյան ծաղկային թրիփսի հայտնաբերման առնչությամբ։ «Ռոսսելխոզնադզոր»-ում մտահոգված են բուսասանիտարական պահանջների համակարգված խախտումներով և հայկական տեսչական մարմնի կողմից արձագանքի բացակայությամբ:
2025 թվականին Հայաստանից Ռուսաստան է ներմուծվել 52 միլիոն հատ ծաղիկ, ինչը 50 տոկոսով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։