Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025 11:53
Ալեքսանդր Ավանեսով

Հայկական ԱԷԿ-ը նախատեսվածից մեկ օր շուտ միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին

Հայկական ԱԷԿ-ը նախատեսվածից մեկ օր շուտ միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին

Արմինֆո 2025 թվականի պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2025) աշխատանքների ավարտից հետո՝ hուլիսի 13-ին, ժամը 03:58-ին, նախատեսվածից շուրջ մեկ օր շուտ Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի 3-րդ տուրբագեներատորը միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին։ Այդ մասին ասվում է ՀԱԷԿ կայքում:

«Այս պահին ԱԷԿ-ը գործում է բնականոն ռեժիմով՝ անվտանգության և հուսալիության բոլոր չափանիշների պահպանմամբ», - ընդգծվում է հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 15-ից ՀԱԷԿ-ը կանգնեցվել է ՊՆՎ՝ 60 օր ժամկետով, ինչը գերազանցում է կայանի պարապուրդի ստանդարտ ժամկետը։ Այդ միջոցը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ընթացիկ աշխատանքներին ավելացվել էին ևս մի քանիսը, այդ թվում՝ տուրբինային արտադրամասում ավտոմատացման փոխարինում, գեներատորների և տրանսֆորմատորների պաշտպանության համակարգերի արդիականացում։ Փոխարինվել են նաև 6 և 0,4 կՎ ցածր լարման վթարային անջատման համակարգերը:

 

Նշենք, որ Հայկական ԱԷԿ-ն արտադրում է  երկրում էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը՝ ամենացածր սակագնով։ 2024 թվականին կայանի արտադրությունը կազմել է 2,7 մլրդ կվտ/ժամից մի փոքր ավելի։