
Արմինֆո. Ս.թ. հունիսի 30-ի դրությամբ հաստատված ծրագրի համաձայն (հունվար-հունիս ժամանակահատվածում), Երևանի քաղաքապետարանի բյուջե պետք է մուտքագրվեր 45.1 մլրդ դրամ, սակայն, փաստացի, հավաքագրվել է 39.9 մլրդ դրամ: Այդ մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին տեղեկացրել են հուլիսի 14-ի աշխատանքային նիստի ընթացքում։
Այդպիսով՝ Երևանի քաղաքապետարանի բյուջեի եկամտային մասի կատարողականը կազմել է 88,5 տոկոս, իսկ չստացված միջոցների գումարը գերազանցել է 5 մլրդ դրամը: Այդ գումարից, ինչպես նշվել է, 3 մլրդ դրամ բաժին է ընկնում ավտոբուսների ուղեվարձերի թերի մուտքագրմանը։
Այդ առնչությամբ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել հասարակական տրանսպորտին առնչվող միջոցների հավաքագրումը բարելավելու ուղղությամբ: Այդ առնչությամբ նա հաղորդել է, որ համապատասխան օրինագիծն արդեն պատրաստ է՝ պատասխանատուներին հանձնարարելով առաջիկայում ներկայացնել աշխատանքային ծրագիր:
Բացի այդ, քաղաքապետին զեկուցվել է, որ նախագծման և շինարարության թույլտվությունների տրամադրման եկամտային մասի կատարողականը կազմել է 52,7 տոկոս, այսինքն, նախատեսված 17.1 մլրդ դրամից, փաստացի, հավաքվել է 9 մլրդ դրամ։