
Արմինֆո. Պետությունը պետք է իր ձեռքը վերցնի "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի կառավարումը։ Այս մասին հուլիսի 16-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ուսումնասիրություններ կատարել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է կատարվում ցանցերում։ Վարչապետն ընդգծել է, որ ՓԲԸ շուրջ ստեղծված իրավիճակը նոր չէ, արդեն բավական երկար ժամանակ հնչել և շարունակում են հնչել դժգոհություններ՝ էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների առնչությամբ: Փաշինյանը հիշեցրել է, որ ընկերությունում առկա խնդիրների մասին հաճախակի ահազանգեր ստացել է քաղաքացիներից՝ մարզեր ուղեւորությունների ժամանակ։ Անցյալ տարի նույն պատճառով հրաժարական տվեց նաև ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Այս համատեքստում շարունակում է թափուր մնալ նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնը, որը պետք է վերահսկի էներգետիկայի ոլորտը:
Սակայն, ինչպես նշել է վարչապետը, ցանցերի վերադարձը պետությանը չի նշանակում, որ հենց պետությունն է մշտապես զբաղվելու դրանց կառավարմամբ։ "Մեր խնդիրն է գտնել արդյունավետ կառավարիչ, որի նկատմամբ կսահմանվի հստակ հանրային և պետական վերահսկողություն", - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: