Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025 14:20
Ալինա Հովհաննիսյան

Ենթակառուցվածք ոչ թե վերահսկման, այլ կառավարման ներքո. Փաշինյանը՝ արտապատվիրակման մոդելի մասին՝ ճանապարհների ապաշրջափակման համատեքստում

Ենթակառուցվածք ոչ թե վերահսկման, այլ կառավարման ներքո. Փաշինյանը՝ արտապատվիրակման մոդելի մասին՝ ճանապարհների ապաշրջափակման համատեքստում

Արմինֆո. Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում արտապատվիրակումը նախատեսում է, օրինակ, ինչ-որ ընկերության ստեղծում, որը կներգրավի ներդրումներ, որովհետև "Խաղաղության խաչմերուկ" նախագիծն ունի հսկայական ներդրումային ներուժ և հետաքրքրություն, բայց մենք պետք է կարողանանք կոնսոլիդացնել այդ ներդրումները: Հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

"Մենք շատ ենք խոսում ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղային գծերի մասին, բայց ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ համատեքստում խոսքը և խողովակաշարերի, և էլեկտրահաղորդման գծերի, և հեռահաղորդակցության մալուխների մասին է, և սա տնտեսություն է, որը պետք է ստեղծվի և կառավարվի", - ասել է կառավարության ղեկավարը:

Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանում բազմաթիվ են արտապատվիրակման դեպքերը, որոնցից որոշ մասով կա և գոհունակություն, և դժգոհություն։ Այդ առնչությամբ վարչապետը հիշատակել է  "Զվարթնոց" օդանավակայանի, Հարավկովկասյան երկաթուղու, ջրային օպերատորի օրինակները։ "Եվ չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ կերպ խախտվել է Հայաստանի ինքնիշխանությունը։ Բոլոր այդ ձեռնարկությունները շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության սեփականությունը", - ընդգծել է նա։

Փաշինյանը նշել է, որ այսօր շատ է խոսվում նաև վարձակալության մասին, այդ թվում՝ հողի։ Այդ առնչությամբ նա ուշադրություն է հրավիրել, որ ՀՀ օրենսդրության համաձայն, խոսքը կառուցապատման իրավունքի մասին է։ Եվ կառուցապատման տրամաբանությամբ, ինչպես նա պարզաբանել է, պայմանագրի ժամկետի ավարտից հետո ներդրումները դառնում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը ։ "Ինչու հիմա չեմ կարող կոնկրետացնել, որովհետև հիմա տարբեր գաղափարներ են քննարկվում։ Եթե պայմանավորվածություն ձեռք բերված լիներ, կամ ստորագրված լիններ, կարող էի մանրամասներ հայտնել", - ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն անդրադառնալով Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարություններին՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասը ԱՄՆ-ի կողմից վարձակալելու հնարավորության մասին, որով, ըստ դեսպանի, իրականացվելու է "Զանգեզուրի միջանցքը", նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել և չի քննարկում իր ինքնիշխան տարածքի կառավարումը երրորդ կողմին հանձնելու հարց:

Ճշգրտող հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ԱՄՆ դեսպանը նկատի է ունեցել ճանապարհի կառավարումը հանձնումը արտապատվիրակմամբ, Բաղդասարյանը նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել և չի քննարկում իր ինքնիշխան տարածքի կառավարումը երրորդ կողմին հանձնելը: "Հայաստանի Հանրապետության տարածքի ոչ մի հատված չի կարող գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից կամ իրավասությունից դուրս", - եզրափակել էր նա:

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր Սյունիքով անցնող ճանապարհը 100 տարով վարձակալելու հնարավորության մասին ՝ Երևանի և Բաքվի միջև վեճը լուծելու համար: