Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025 11:09
Մարիաննա Մկրտչյան

Վրաստանում հավաստիացրել են հայկական բեռնատարների սովորական ռեժիմով անցման մասին

Վրաստանում հավաստիացրել են հայկական բեռնատարների սովորական ռեժիմով անցման մասին

Արմինֆո.  ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանում հեղուկ գազի գինը 40 տոկոսով բարձրացել է այն բանից հետո, երբ Վրաստանը կասեցրել է Ռուսաստանից Հայաստան նավթի տարանցումը, ապատեղեկատվություն է և "ծառայում է հանրությանը մոլորեցնելու, գերատեսչությունը վարկաբեկելու և այդ հարցը քաղաքական խնդիր դարձնելու փորձին":  Ըստ "Գրուզիա օնլայն"-ի՝ այդ մասին ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հայտարարության մեջ։

 

Հայտարարությունում նշվում է, որ "ավելացած բեռնաշրջանառության պայմաններում միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ բոլոր մաքսային ընթացակարգերն իրականացվում են հատուկ/ուժեղացված ռեժիմով ՝ դրանց անարգել երթևեկությունն ապահովելու համար":

 

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը պնդում է, որ ԶԼՄ - ների կողմից տարածվող լուսանկարներն ու տեսանյութերը (նավթամթերքով բեռնված տրանսպորտային միջոցները) չեն արտացոլում մաքսային անցակետերում, այդ թվում ՝ "Կազբեգի" մաքսակետում տիրող իրական վիճակը, որտեղ կարճ ժամանակահատվածում նկատվել է բեռնատարների փոքր ուշացում, որն ամբողջությամբ վերացվել է:

 

Նախորդ տարվա տվյալներով ՝ երկու ուղղություններով էլ "Կազբեգի" մաքսակետով ձևակերպվել է 364 670 բեռնատար ավտոմեքենա:

 

"Մաքսային հսկողության ընթացակարգերը գտնվում են Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության խիստ հսկողության ներքո, և այդ գործընթացը կշարունակվի ապագայում: Բացի այդ, մենք կրկին կոչ ենք անում բոլորին զերծ մնալ չստուգված և կեղծ տեղեկություններ տարածելուց", - ասված Է հայտարարության մեջ:

 

Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանում հայկական բեռների արգելափակումը խաթարում է վրաց-հայկական դարավոր բարեկամության ոգին: "Վրաստանը պետք է գործի որպես իրական գործընկեր, այլ ոչ թե՝ որպես ճնշման կետ ։ Նման գործողությունները խաթարում են տարածաշրջանում վստահությունն ու տնտեսական կայունությունը ։ Դա անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել", - գրել էր Զուրաբիշվիլին Twitter-ում (X):

 

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հեղուկ գազով բեռնված հայկական բեռնատարներն օրերով պարապուրդի են մատնված վրացական "Գեզի" մաքսային տերմինալում և Հայաստան են անցնում միայն այն բանից հետո, երբ  մաքսավորներին կաշառք են տալիս: