Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025 13:07
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի նախագահը ՀԾԿՀ ղեկավարի հետ քննարկել է երկրի էլեկտրացանցերի կառավարման հարցը

Հայաստանի նախագահը ՀԾԿՀ ղեկավարի հետ քննարկել է երկրի էլեկտրացանցերի կառավարման հարցը

Արմինֆո.  Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմը, հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների ոլորտում առկա մի շարք արդիական խնդիրներ և դրանց կարգավորման հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ և հուսալի կառավարման համատեքստում։

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է նման ենթակառուցվածքների կայուն ու անվտանգ գործունեության անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ արտակարգ իրավիճակներում ժամանակավոր կառավարման մեխանիզմների օրենսդրական հստակեցումը հանդիսանում է կարևոր օրակարգային հարց։

Մեսրոպ Մեսրոպյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ապագա նախաձեռնությունները՝ ոլորտի զարգացումն ապահովելու և արդյունավետ կարգավորումներ ներդնելու համար։

 

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Հայաստանի խորհրդարանն ընդունել է օրենք, որը թույլ կտա ազգայնացնել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն, որը պատկանում է ավելի վաղ Երեւանում կալանավորված ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին: