Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025 17:29
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Բուլղարիան պատրաստ են շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով

Հայաստանն ու Բուլղարիան պատրաստ են շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով

Արմինֆո. Հուլիսի 16-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բուլղարիայի Հանրապետություն՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին, ինչպես նաև երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունների քննարկմանն ու դրանց հետագա զարգացմանն ուղղված բանակցությունների նպատակով։

 

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, Սոֆիա աշխատանքային այցի շրջանակներում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի միջև։

 

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները։

 

Քննարկմանը կողմերը վերահաստատել են քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և նախանշել նոր հեռանկարներ՝ համագործակցության ընդլայնման համար։ 

Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, այդ թվում` Եվրամիության հետ համագործակցության, ինչպես նաև ԵՄ-Սևծովյան տարածաշրջան նոր ռազմավարության համատեքստում։

Նախարար Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի առաջընթացը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում և ընդգծել ՀՀ-ի պատրաստակամությունը՝ խորացնելու  համագործակցությունը այս ուղղությամբ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը հյուրընկալելու համար։

 

Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևը նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Սևծովյան ավելի լայն տարածաշրջանում և ընդգծել է, որ ավելի անվտանգ և կայուն միջավայրի ձևավորումը հնարավոր է Եվրոպայի և Ասիայի միջև կապերի ամրապնդման և փոխադարձ վստահության հիմքի վրա։ Նա վերահաստատել է Բուլղարիայի պատրաստակամությունը՝ կիսվելու փորձով և աջակցելու Հայաստանի մերձեցմանը Եվրոպական միության հետ։

 

Երկկողմ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը։