Արմինֆո. Հունիսին արձանագրվել է ՀՀ–ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա ասելով՝ հաշվետու ամսում գրանցված աշխատատեղերի թիվը կազմել է 796 հազար 473, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։
«Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ», - գրել է նա՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Մինչդեռ, Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. առաջին կիսամյակում դանդաղել է մինչև տարեկան 6,3% (2024թ.նույն ժամանակահատվածի 10,4% - ից)։ Ընդ որում, արդյունաբերության հատվածը, որը մեկ տարի առաջ հանդես էր գալիս որպես աճի շարժիչ ուժ, ներկայիս երկնիշ անկմամբ թուլացնում է տնտեսական աճի տեմպերը (-12,1%) ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվում է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ՝ մի քանի անգամ աճից մինչև զգալի անկում (արտահանումը նվազել է 52,8% - ով, ներմուծումը՝ 38,6% - ով)։
Վիճակագրության համաձայն՝ 2025թ. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության աճի նման արտահայտված արգելակումն առավելապես բխել է արդյունաբերության հատվածի տարեկան դինամիկայի 18,2% աճից մինչև 12,1% անկում վատթարացումից և առևտրի ոլորտի աճի 22,9%-ից մինչև 3,9% խիստ դանդաղումից։ Աճի տեմպերի թուլացում է նկատվում նաև էներգահամալիրում՝ 5% - ից մինչև 0,8%: Ընդ որում, ծառայությունների ոլորտին հաջողվել է արագացնել տարեկան աճը՝ 4,4 տոկոսից մինչեւ 9,8 տոկոս, ինչը դիտվել է նաեւ շինարարության ոլորտում՝ 15,7 տոկոսից մինչեւ 18,5 տոկոս: Տարեկան աճի արագացում է արձանագրվել նաև ագրոհատվածում՝ 4%-ից միչեւ 7,3%։