Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025 15:37
Ալինե Գրիգորյան

Նախագահը ծանոթացել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի ենթակայանում կատարված աշխատանքներին

Նախագահը ծանոթացել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի ենթակայանում կատարված աշխատանքներին

Արմինֆո. Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահին ուղեկցել են ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

 

ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, Վահագն Խաչատուրյանը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ 

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ այս պահին պայմանավորվածություն կա արագացնել ենթակայանում աշխատանքների կատարումը:

 

Նշենք, որ նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ կառավարությունը բյուջետային վարկ էր տրամադրել Իրան - Հայաստան 400 կիլովոլտ էլեկտրահաղորդման գիծ կառուցող իրանական Sunir ընկերությանը: Նախագծի կապալառու Sunir ընկերության հետ "Հայաստանի բարձրավոլտ ցանցեր" պետական ձեռնարկությունը պայմանագիր էր կնքել դեռևս 2006թ. հուլիսին, որի համաձայն, կապալառուն պարտավորվել էր կատարել 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի և համապատասխան ենթակայանի համալիր ծավալի նախագծում, մատակարարում, կառուցում, մոնտաժում, փորձարկում և գործարկում: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 106 847 237, 51 եվրո: Նախագծի  արժեքից 86 447 914 եվրոն ֆինանսավորվում է Իրանի արտահանման զարգացման բանկի վարկային միջոցների հաշվին, իսկ 20 399 323,51 եվրոյի գումարը ֆինանսավորվում է "Սանիր Ինթերնեշնլ ՖԶԷ" վարկային միջոցների հաշվին: Նախագծի իրականացումը կավելացնի Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի հոսքերը 350 ՄՎտ-ից մինչև 1200 Մվտ, կբարձրացնի Հայաստանի էներգահամակարգի անվտանգության, հուսալիության և կայունության մակարդակը, հնարավոր կլինի ամբողջությամբ օգտագործել Իրան-Հայաստան գազատարի հզորությունը "Գազ Էլեկտրաէներգիայի դիմաց" ծրագրի շրջանակներում: