
Արմինֆո. Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջները: Այդ մասին հաղորդում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
«Ս.թ. հուլիսի 29-ին Liormand Holdings Limited ընկերությունը, Սամվել Կարապետյանը, Էթերի Կարապետյանը, Սարգիս Կարապետյանը և Կարեն Կարապետյանը («Հայցվորներ») կրկին դիմել էին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի արբիտրաժային կանոնների ներքո նշանակված Արտակարգ Արբիտրին (Emergency Arbitrator)՝ պահանջելով լրացնել Արտակարգ Արբիտրի՝ ս.թ. հուլիսի 22-ի արբիտրաժային վճիռը EA 2025/121 գործի շրջանակներում հետևյալ բովանդակությամբ.
1. Հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունն ունի իրավական պարտավորություն՝ կատարելու նշված արբիտրաժային վճիռը,
2. պարտավորեցնել Հայաստանին՝ վերականգնելու Հայցվորների առաջին դիմումի ամսաթվի դրությամբ (2025թ. հուլիսի 16) գոյություն ունեցող ստատուս քվոն, և
3. պարտավորեցնել Հայաստանին` տեղեկացնելու Արտակարգ Արբիտրին և Հայցվորներին արբիտրաժային վճիռը կատարելու համար ձեռնարկված բոլոր քայլերի մասին (ներառյալ ստատուս քվոն վերականգնելու համար), ինչպես նաև հաստատել Արտակարգ Արբիտրի կողմից սահմանված ժամկետ(ներ)ում ժամանակավոր միջոցների կատարումը:
Ս.թ. օգոստոսի 3-ի որոշմամբ արբիտրն ամբողջությամբ մերժել է Հայցվորների պահանջն այն պատճառաբանությամբ, որ ներկայացվել են սկզբնական պահանջի համեմատ նոր պահանջներ և որ իր իրավազորությունը և լիազորությունները չեն տարածվում պահանջվող ապահովման միջոցների վրա:
Հիշեցնենք, որ ս.թ. հուլիսի 22-ի արբիտրաժային վճռով Արտակարգ Արբիտրը մերժել էր Հայցվորների պահանջները՝ ազատելու Սամվել Կարապետյանին նախաքննական կալանքից կամ այն այլ միջոցով փոխարինելու վերաբերյալ, ինչպես նաև «Տաշիր» խմբին պատկանող կազմակերպության ղեկավարության կամ աշխատակիցների նկատմամբ իրավական գործընթացներ ձեռնարկելուց խուսափելու մասին: ՀԷՑ-ի վերաբերյալ Արտակարգ Արբիտրի բավարարած ժամանակավոր միջոցի վերաբերյալ Կառավարության պաշտոնական հայտարարությունը հասանելի է հետևյալ հղումով», - ասվում է հաղորդագրությունում:
Հուլիսի 23-ին հայտնի դարձավ, որ "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը եւ նրա ընտանիքը շահել են ՀԷՑ-ի պետականացման գործով Հայաստանի կառավարության դեմ արբիտրաժային վեճը: Գործի քննությունը տեղի է ունեցել Ստոկհոլմի Առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտում (ՄՊԿ) ' Հայաստանի և Կիպրոսի միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին 1995թ.հունվարի 18-ի համաձայնագրի հիման վրա: Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը: Դատարանը վճռել էր, որ Հայաստանը պարտավոր է ձեռնպահ մնալ "Էներգետիկայի մասին" և "Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին" օրենքներում վերջերս ընդունված փոփոխությունների կիրառումից, ինչպես նաև ՀԷՑ-ի ակտիվների առգրավմանն ուղղված հետագա ցանկացած քայլից: Արբիտրաժը հանգել էր եզրակացության, որ անհրաժեշտ է կիրառել պաշտպանության հրատապ միջոցներ, քանի որ Հայաստանի Հանրապետության գործողությունները "լուրջ կասկածներ են առաջացնում Հայաստանի և Կիպրոսի միջև ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի պահպանման հարցում":
Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն, իր հերթին պարզաբանել էր, որ այդպիսով դատարանն արգելել է Հայաստանի կառավարությանը բռնագանձել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, փոխել ընկերության ղեկավար մարմինների կազմը, հետ կանչել ընկերության գործունեության լիցենզիաները եւ որեւէ կերպ սահմանափակել "Էլցանցերի" բնականոն գործարար ակտիվությունը:
Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը, յուրովի մեկնաբանելով Ստոկհոլմի Առեւտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշումը, հայտարարել էր, որ անհետաձգելի գործում քննարկվող հարցերի (վեճի) ծավալը տարբերվում է ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշման նպատակներից եւ այն գործողությունների ծավալից, որոնք պետք է ձեռնարկի վերջինս: "Հարգելով օտարերկրյա արբիտրաժային որոշումներով կիրառվող միջանկյալ միջոցները, միաժամանակ, բոլորը պարտավոր են ղեկավարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կանոններն ու ընթացակարգերը սահմանող միջազգային պայմանագրերով", - ասվում է Հայաստանի կառավարության հայտարարության մեջ:
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն իր հերթին նշել է, որ արբիտրաժի վճիռը Հայաստանում իրավական ուժ կստանա միայն դատարանի համապատասխան որոշումից հետո եւ հուլիսի 24-ին կադրային փոփոխություններ է կատարել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության ղեկավար կազմում: