Երկուշաբթի, 4 Օգոստոսի 2025 20:05
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի փոխվարչապետը ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է հետագա համագործակցության հեռանկարները

Հայաստանի փոխվարչապետը ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է հետագա համագործակցության հեռանկարները

Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին:

Կառավարության հաղորդագրության համաձայն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռոլանդ Փրայսը փոխվարչապետին է ներկայացրել ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին և վստահեցրել, որ վերջինս տարբեր տարածաշրջաններ և համագործակցության առանցքային ուղղություններ ընդգրկող իր փորձառությունը կծառայեցնի ՀՀ զարգացման օրակարգի նպատակների իրականացմանը։

Փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Զարկոնեին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել վերջինիս՝ ի նպաստ Համաշխարհային բանկի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակական ընդլայնման և զարգացման։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության լայն շրջանակի, այդ թվում՝ ջրային ոլորտի կառավարման, առողջապահության, զբոսաշրջության, ինչպես նաև հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ ընթացիկ նախաձեռնությունների և փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։

Զրուցակիցները հատուկ անդրադարձ են կատարել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության ծրագրի ընթացքին և այս ուղղությամբ Համաշխարհային բանկի հետ նախատեսվող համագործակցության շրջանակին։