
Արմինֆո. 2025 թվականի առաջին կիսամյակում ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված հարկ վճարողների 39%-ի գործունեության հիմնական ոլորտը առևտուրն էր, այդ 389 խոշոր հարկատուներն պետբյուջեի համար ապահովել են 323 մլրդ դրամի զուտ եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 24%-ը։ Այդ մասին են վկայում Modex խորհրդատվական ընկերության հետազոտության արդյունքները։
Աղբյուրի համաձայն, խոշորագույն հարկատու ոլորտներից են նաև մշակող արդյունաբերությունն ու ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, որոնց խոշոր հարկատուները պետբյուջեի համար ապահովել են, համապատասխանաբար, 143 մլրդ և 133 մլրդ դրամ զուտ մուտքեր։
Ընդհանուր առմամբ երեք խոշորագույն հարկատու ոլորտների խոշոր հարկատուները միասին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 44%-ը։
Ոլորտների առաջատար հնգյակում են նաև ՏՏ-ն (76 հարկատու, 54 մլրդ դրամ) և շինարարությունը (101 հարկատու, 51 մլրդ դրամ): Հիշեցնենք, որ Հայաստանի 1000 հարկատուները առաջին կիսամյակի արդյունքներով պետական բյուջեն համալրել են 986.1 մլրդ դրամով, ինչը 10 տոկոսով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը: