
Արմինֆո. TRIPP-ի (Թրամփի խաղաղության և բարգավաճման միջազգային երթուղի) գործարկմամբ Հայաստանը երկաթուղային կապ կստանա Ռուսաստանի հետ, որը 30 տարի չկար, ինչպես նաև՝ Իրանի և Կենտրոնական Ասիայի հետ, իսկ Չինաստանը կստանա նոր երկաթուղի դեպի Արևմուտք: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք TRIPP-ի գործարկումը վնաս չի հասցնի Ռուսաստանի և Իրանի լոգիստիկ և առևտրային շահերին, և արդյոք չի նվազեցնի Չինաստանի դերը Ասիայից դեպի Եվրոպա առևտրային հոսքերում։
Նա, մասնավորապես, նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կարող են երկաթուղի ստանալ՝ ինչպես TRIPP-ի միջոցով, այնպես էլ՝ առանց դրա, օրինակ՝ Վրաստանով։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Հայաստանի երկաթուղին վերահսկվում է ՌԴ-ի կողմից, վերջինս կարող է շահագրգռված լինել ներդրումներ կատարել Իջևան-Հրազդան, Իջևան-Քասախ երկաթուղային հաղորդակցության վերագործարկման նպատակով, ինչի համար անհրաժեշտ կլինի ադրբեջանական կողմի համաձայնությունը:
Փաշինյանը նշել է, որ այդ ամենին պետք է նայել ոչ թե հնարավոր խնդիրների, այլ, ընդհակառակը, հեռանկարների տեսանկյունից: Մասնավորապես, նա չի բացառել, որ տվյալ նախագիծը կարող է հնարավորություն բացել Իրանի և ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության մեկնարկի համար: Շուտով, նրա ասելով, կսկսվեն Մեղրիում երկաթուղու կառուցման աշխատանքները, հնարավոր է նաև այդ նախագծի շրջանակներում Երասխ-Ախուրիկ երկաթուղային հաղորդակցության վերագործարկումը:
«Այդ նախագիծը կարող է լինել անսպասելի, բայց դրական համագործակցության կետ: Եվ դրանով կարդարացվի "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը, որովհետև այն երկրները, որոնք խնդիրներ են ունեցել, կարող են ստանալ Հայաստանում և Հարավային Կովկասում համագործակցության հնարավորություն", - ընդգծել է վարչապետը: