
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության աշխատակիցները Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների հետ համատեղ տեխնիկական աջակցության շրջանակներում շարունակել են մակրոտնտեսական ցուցանիշների միջնաժամկետ կանխատեսման կիսակառուցվածքային մոդելի (Semi-Structural Gap Model/SSGM) մշակման աշխատանքները:
Նախարարության հաղորդագրության համաձայն, մասնավորապես, իրականացվել են եռամսյակային կանխատեսման կիսակառուցվածքային մոդելի պարամետրերի կալիբրացման լավարկման և վերջնականացման, նախնական ենթադրությունների հիման վրա մոդելի կանխատեսումային հզորության փորձարկման, ինչպես նաև բազային և այլընտրանքային սցենարներով կանխատեսումների իրականացման աշխատանքներ: Առաջիկայում նախատեսվում է կիսակառուցվածքային մոդելի կիրառումը բյուջետային գործընթացի կանխատեսումային շրջանում:
«ՀՀ ֆինանսների նախարարությունը հանձնառու է շարունակաբար բարելավել և համալրել տնտեսական քաղաքականության մշակման վերլուծական համակարգը ամբողջ աշխարհում հայտնի, պահանջված և արդիական գործիքներով, լուծումներով և մոտեցումներով», - նշվում է հաղորդագրությունում: