Արմինֆո. «Թրամփի ճանապարհը» (TRIPP - Թրամփի խաղաղության և բարգավաճման միջազգային երթուղի) բացի տնտեսական օգուտներից կապահովի նաև անվտանգության երաշխիքներ։ Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ՀՀՀ հարցազրույցում։
Հաշվի առնելով, որ այդ երթուղին կապահովի Ասիայի եւ Եվրոպայի կապը Հարավային Կովկասի միջոցով, նախարարը պարզաբանել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հրահրման դեպքում, օրինակ, Չինաստանը եւ Եվրոպայի երկրները, որոնք փոխանակում են միլիոնների բեռներ, ուղղակիորեն կներգրավվեն եւ շահագրգռված կլինեն իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ, քանի որ վտանգված են նրանց տնտեսական շահերը։ «Քանի որ՝ որոշ ապրանքներ ժամանակին չեն հայտնվի Եվրոպայի և Չինաստանի շուկաներում, կամ կհայտնվեն, բայց՝ շատ բարձր գնով: Հետևաբար, այդ երկրների ներգրավումը հակամարտության մեջ կլինի ավելի վճռական և ուղիղ, քան, ինչպես տեսանք, Արցախյան 44-օրյա պատերազմի, Ջերմուկում տեղի ունեցած ապրիլյան պատերազմի ժամանակ և այլն», - ընդգծել է նա, նշելով, որ այդ ճանապարհի գործարկումը կդառնա անվտանգության ապահովման ևս մեկ գործոն:
Հարցին, թե ովքեր են ներգրավվելու TRIPP նախագծի իրականացման մեջ, նախարարը նշել է, որ ճանապարհների, այդ թվում երկաթուղային հաղորդակցության և ենթակառուցվածքների շինարարությանը կմասնակցեն ամերիկյան ընկերություններ: Վերջիններս, նրա ասելով, առաջիկայում պետք է ճանաչողական այց կատարեն Հայաստան։ Ընդ որում, Պապոյանը նշել է, որ կառավարությունը խրախուսում է օտարերկրյա ներդրումները տարբեր երկրներից, եթե նրանց կողմից իրականացվող նախագծերը չեն հակասում Հայաստանի օրենսդրությանը:
Այդ առնչությամբ նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանում 2000-2025թթ. բացվել է 94 ընկերություն կամ Թուրքիայի քաղաքացիների կողմից, կամ թուրքական կապիտալով ։ Դրանց մեծ մասը, ինչպես նշել է գերատեսչության ղեկավարը, բացվել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում։
«Այդ ընկերություններն ինչ-որ բանով վնասե՞լ են Հայաստանի ազգային անվտանգությանը: Ոչ: Քանի որ մեր օրենսդրությունը թույլ չի տվել: Դրա համար էլ ես ասում եմ, որ թող լինեն տարբեր ընկերություններ, եթե նրանք աշխատում են մեր օրենսդրությանը համապատասխան, հարգում են մեր ինքնիշխանությունը, իրավասությունը և տարածքային ամբողջականությունը", - նշել է էկոնոմիկայի նախարարը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հռչակագիր: Տվյալ փաստաթուղթը նախատեսում է նաև "Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղի" (TRIPP) կոմունիկացիոն ծրագրի գործարկում Հայաստանի Հանրապետության տարածքում:
«Մենք վերահաստատեցինք երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը ներքին, երկկողմ և միջազգային փոխադրումների համար, որոնք հիմնված են պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության նկատմամբ հարգանքի վրա՝ տարածաշրջանում և նրա շրջակայքում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման համար: Այդ ջանքերը կներառեն անարգել հաղորդակցություն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով ՝ Հայաստանի Հանրապետության համար միջազգային և ներքին հաղորդակցություններից փոխադարձ շահով", - ասվում է հռչակագրում։