Ուրբաթ, 15 Օգոստոսի 2025 11:20
Ալեքսանդր Ավանեսով

Փոխվարչապետ. Հայաստանը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ մասին պայմանագրում ամրագրված հիմնարար սկզբունքների պահպանման օգտին

Փոխվարչապետ. Հայաստանը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ մասին պայմանագրում ամրագրված հիմնարար սկզբունքների պահպանման օգտին

Արմինֆո.  Հայաստանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության մաքսային ծառայությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցությունը հարկատար ապրանքների մաքսային հայտարարագրման մոնիթորինգի ոլորտում: Այս մասին օգոստոսի 15-ին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Չոլպոն Աթայում ԵԱՏՄ անդամ երկրների միջկառավարական խորհրդի նիստում։

 

Նրա խոսքով՝ նման համագործակցությունը կարևոր գործիք է ապրանքների արժեքի նկատմամբ պատշաճ վերահսկողության ապահովման համար, ինչն ուղղակի ազդեցություն ունի ԵԱՏՄ երկրների բյուջեների եկամուտների վրա: "Միության երկրների էներգառեսուրսների ընդհանուր շուկաների հետագա ձևավորումը և դրանց էներգետիկ անվտանգության ապահովումը Հայաստանի Հանրապետության համար մնում են առաջնային ։ Գործունեության ոչ խտրական սկզբունքներով էներգառեսուրսների ընդհանուր շուկաների արագացված ձևավորումը պետք է դառնա ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների տնտեսական գործունեության հավասար պայմանների ապահովման հիմքերից մեկը", - ասել է Գրիգորյանը։

 

Նա հավելել է, որ համատեղ ջանքերով հսկայական աշխատանք է կատարվել ԵԱՏՄ-ում դեղամիջոցների և բժշկական ապրանքների ընդհանուր շուկայի ձևավորման և գործունեության ուղղությամբ, ինչը պետք է նպաստի տվյալ ընդհանուր շուկայի գործունեության մեկնարկին հաջորդ տարվանից:

 

Փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանը կայուն տնտեսական աճի համար ևս մեկ ուղղություն է դիտարկում ԵԱՏՄ-ում թվային օրակարգի իրականացումը: Ժամանակակից մարտահրավերները պահանջում են ոչ միայն ինստիտուցիոնալ լուծումներ, այլև հենվելը տեխնոլոգիական գործիքների վրա ։ "Արհեստական բաննակաանությունը և թվային տեխնոլոգիաները դառնում են կարևորագույն ռեսուրս փոխգործակցության նոր, առավել արդյունավետ մոդելների ձևավորման համար՝ ինչպես տնտեսության, այնպես էլ կորպորատիվ և պետական կառավարման ոլորտում: ԵԱՏՄ-ի ներսում ինտեգրված թվային հարթակներում բիզնես գործընթացների օպտիմալացման համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք տանել էլեկտրոնային կառավարման համակարգերի կատարելագործման և կիբեռանվտանգության մեխանիզմների ներդրման ուղղությամբ", - ընդգծել է ՀՀ փոխվարչապետը:

 

Նա նշել է, որ ԵԱՏՄ զարգացման առանցքային ուղղությունը տրանսպորտային-լոգիստիկ ոլորտն է ։ Տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացումը լրացուցիչ խթան կհաղորդի ինչպես երրորդ երկրներ ապրանքների արտահանմանը, այնպես էլ ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառության աճին։ Այդ առումով Գրիգորյանը ևս մեկ անգամ նշել է ՀՀ կառավարության նախաձեռնած "Խաղաղության խաչմերուկ" տարածաշրջանային նախագիծը, որը միտված է տարածաշրջանային կայուն զարգացում ապահովող և բոլոր շահագրգիռ պետությունների միջև տնտեսական կապերի ամրապնդմանն ու ինքնիշխանության լիակատար հարգանքի հիման վրա հուսալի փոխկապակցված տրանսպորտային երթուղիների ստեղծմանը:

 

"Հայաստանը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ մասին պայմանագրում ամրագրված հիմնարար սկզբունքների պահպանման օգտին և պատրաստակամություն է հայտնում ակտիվորեն համագործակցել ԵԱՏՄ անդամ պետությունների հետ ՝ ի շահ տնտեսական համագործակցության հետագա զարգացման", - իր ելույթն ամփոփել է ՀՀ փոխվարչապետը: