Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 18-ին ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ-ում ՀՀ-ի առևտրական կցորդ Հայկ Նազարյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, ողջունելով հյուրերին, Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարիդրացիական հարաբերությունները և տեսնում է համագործակցության լայն հորիզոն՝ ինչպես պետական մակարդակում, այնպես էլ բիզնես համայնքների միջև։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, գործարար կապերի ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրին։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանը նշել է․ «ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելը մեծ առաջընթաց է ԵԱՏՄ-Իրան համագործակցության համար։ Այս պայմաններում Հայաստանը դառնում է Իրանի մուտքի հարթակ դեպի ԵԱՏՄ-ի լայն միասնական շուկա, ինչն առանձնապես բարձրացնում է ՀՀ–ԻԻՀ երկկողմ օրակարգի ռազմավարական կարևորությունը»։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրի սահուն հոսքի և լոգիստիկայի, գյուղատնտեսական ապրանքների անվտանգ շրջանառության, մասնավորապես՝ սահմանային բուսասանիտարական և անասնաբուժական գործընթացների պարզեցման, ստանդարտների և տեխնիկական համապատասխանության ապահովման շուրջ։
Կողմերը պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը գործնական հիմքի վրա կդնի արդյունաբերության և առևտրի ոլորտում նախատեսվող համատեղ նախագծերը։