Երկուշաբթի, 18 Օգոստոսի 2025 19:39
Մարիաննա Մկրտչյան

Երևանն ու Թեհրանը քննարկել են "Հյուսիս-Հարավ" ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ընթացքը

Երևանն ու Թեհրանը քննարկել են "Հյուսիս-Հարավ" ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ընթացքը

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղին, ով Հայաստան է ժամանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, Դավիթ Խուդաթյանը ողջունել է ԻԻՀ նախարարին, ընդգծելով, որ Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է։

 

Հանդիպման սկզբում նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախորդ տարի Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից հետո իրանական կողմի ցուցաբերած աջակցության և Հայաստանին մետաղական կամուրջների նվիրաբերման համար։

 

Այնուհետև անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին։

 

Խուդաթյանը նշել է, որ աշխատանքների տեմպը գոհացուցիչ է և հայկական կողմը բարձր է գնահատում շինարարական ընկերության ներդրած ջանքերը։

 

Անդրադարձել է կատարվել նաև տարանցիկ բեռնափոխադրումների սակագնային քաղաքականության վերանայման հնարավորությանը։

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր սեղմ ժամկետներում խնդրի լուծման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։

 

Քննարկվել են ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր։

 

Նախարարը կարևորել է Իրանի տարբեր քաղաքների հետ կանոնավոր օդային հաղորդակցության ընդլայնումը` ընդգծելով, որ Հայաստանի համար դեպի Իրան օդային ուղղությունը պահանջված է։