
Արմինֆո. Հայաստանն զգալիորեն ավելացրել է Եվրասիական տնտեսական միության երկրներ իր արտադրանքի արտահանման ծավալները։ Այդ մասին օգոստոսի 21-ին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ լրագրողների հետ զրույցում։
Որպես օրինակ նախարարը նշել է ծաղկի արտադրանքի արտահանումը ռուսական շուկա, որի ծավալներն աճել են 87%-ով։ Պապոյանը չի բացառել արտադրանքի առանձին մատակարարների մոտ խնդիրների առկայությունը։ Ընթացիկ տարում, օրինակ, արձանագրվել է ծիրանի արտահանման 58 տոկոս աճ, բայց տպավորություն է ստեղծվում, որ տվյալ ապրանքատեսակի մասով խնդիր կա։ "Իրականում ոչ մի խնդիր չկա։ Ռուսական շուկա է ուղարկվել 2500 բեռնատար ծիրան, և ընդամենը 15 մեքենայի մուտքն է արգելվել։ Պետք է ուղիղ խոսել այն մասին, որ այդ մեքենաների մուտքի մերժումն առնչվում է կեղծ փաստաթղթերին", - ասել է նախարարը, հավելելով, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ որևէ քաղաքական խնդիր չունի։ Ընթացիկ տարում երկիրը Միության պետությունների շուկաներ է արտահանել արտադրանքի ավելի մեծ ծավալներ, քան նախորդ տարի։ Եվ դա տեղի է ունենում ապրանքաշրջանառության արհեստականության բացառման ֆոնին, երբ անցյալ տարի Ռուսաստանից Հայաստան էին մատակարարվում ոսկի և ալմաստ, որոնք հետագայում վերաարտահանվել էին ԱՄԷ։ Այժմ այդ արհեստականությունը չկա, բայց առեւտրաշրջանառության թվերը, ինչպես նշել է նախարարը, նախկինի պես աճում են, ինչը կապված է երկրի տնտեսության աճի տեմպերի հետ։
Այնուամենայնիվ, ինչպես ընդգծել է Պապոյանը, կան հարցեր, որոնց լուծումը դիվերսիֆիկացման հարթությունում է։ Նախարարը հիշեցրել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի հետ իր հանդիպման մասին, որի ընթացքում քննարկվել է Հայաստանին հեղուկ գազի մատակարարման քվոտա տրամադրելու հարցը: Վառելիքի այդ տեսակի ներկրման ուղղությունների դիվերսիֆիկացման համար Իրանը կարող է դառնալ կարևոր ուղղություն, իսկ դա, ի վերջո, կհանգեցնի շուկայում մրցունակության բարձրացման և գների նվազման: