Երեքշաբթի, 26 Օգոստոսի 2025 13:37
Նաիրա Բադալյան

Էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները 3,1 մլրդ դրամ ԱԱՀ են վճարել Հայաստանի պետական գանձարան, հաղորդել է ՊԵԿ նախագահը՝ միաժամանակ գովազդելով հայտնի տեխնոլոգիական հարթակները

Էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները 3,1 մլրդ դրամ ԱԱՀ են վճարել Հայաստանի պետական գանձարան, հաղորդել է ՊԵԿ նախագահը՝ միաժամանակ գովազդելով հայտնի տեխնոլոգիական հարթակները

Արմինֆո Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հարկման բազան կազմել է մոտ 15.6 մլրդ դրամ, որից հաշվարկվել է պետբյուջե վճարման ենթակա ավելի քան 3.1 մլրդ դրամ ԱԱՀ: Այդ մասին հաղորդել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:

 

«e-VAT» համակարգից օգտվել է 71 խոշոր միջազգային կազմակերպություն: ՊԵԿ-ի ներդրած «e-VAT» համակարգի շնորհիվ խոշոր միջազգային կազմակերպություններն ավելացնում են Հայաստանի պետբյուջեի եկամուտները և նպաստում հարկային թափանցիկության աճին:

 

Google, Facebook, TikTok, Spotify, Amazon, Netflix, Ebay և այլ կորպորացիաների ծառայություններից օգտվելով՝ Դուք մասնակցում եք նաև Հայաստանի պետական եկամուտների ավելացմանը», - գրել է ՊԵԿ նախագահը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

 

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ վճարողներ: Հարկային նոր կարգավորումները չեն անդրադարձել էլեկտրոնային հարթակում ձեռք բերվող և ֆիզիկապես առաքվող ապրանքների վրա։ Խոսքը բացառապես այնպիսի էլեկտրոնային ծառայությունների մասին է, որոնք կարող են մատուցվել միայն ինտերնետ հեռահաղորդակցության ցանցի միջոցով (օրինակ ՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության ծառայություններ, այդ թվում ՝ ինտերնետ-գովազդի, ինտերնետ-կրթության ծառայություններ, էլեկտրոնային գրքերի վճարովի ծառայություններ, ֆիլմերի դիտում և երգերի ունկնդրում, համակարգչային տարբեր ծրագրերի գնում)։

 

Գործընթացի արդյունավետ կազմակերպման համար ներդրվել է «e-VAT» համակարգը, որը թույլ է տալիս ոչ ռեզիդենտ կազմակերպություններին հաշված րոպեների ընթացքում գրանցվել, ներկայացնել անհրաժեշտ հաշվետվություններ, վճարել հարկեր։