Երեքշաբթի, 26 Օգոստոսի 2025 15:05
Ալինա Հովհաննիսյան

Իրաքը Հայաստանին առաջարկել է ստեղծել համատեղ կոմիտե՝ առևտրատնտեսական հարաբերությունների կայուն զարգացման համար

Իրաքը Հայաստանին առաջարկել է ստեղծել համատեղ կոմիտե՝ առևտրատնտեսական հարաբերությունների կայուն զարգացման համար

Արմինֆո.  Մենք առաջարկում ենք, որ հայ և իրաքցի գործարարների միջև ստեղծվի կոմիտե, որը կստանձնի առևտրատնտեսական հարաբերությունների կայուն զարգացման գործառույթները։ Այս մասին հայտարարել է Իրաքի գյուղատնտեսության նախարար Աբբաս Ջեբուր Ալ Մալեքին՝ հայ-իրաքյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի ժամանակ։

 

Այդ առնչությամբ նա հույս է հայտնել, որ հայ գործարարները կմասնակցեն այս աշնանը Բաղդադում կայանալիք գործարար համաժողովին: Նախարարի հավաստմամբ՝ Իրաքն ակնկալում է, որ հայկական բիզնեսը կներգրավվի իրաքյան նախագծերում: Որպես համագործակցության հեռանկարային ոլորտներ նա նշել է սպասարկման ոլորտը, գյուղատնտեսությունն ու առևտուրը։

 

«Իրաքը Հայաստանը դիտարկում է որպես իրական գործընկեր՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային առումով: Հուսով ենք, որ այսօրվա հանդիպումը կարեւոր գործոն կդառնա երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար, ինչը թույլ կտա ապահովել երկու ժողովուրդների բարեկեցությունը», - նշել է Աբաս Ջեբուր Ալ Մալեքին։

 

Իր հերթին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ պետությունը պատրաստ է աջակցել մասնավոր հատվածի գործունեությանը՝ խթանելով համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի բացումը: «Հայկական ընկերությունները պատրաստ են իրենց ներուժը ներդնել շինարարության, ենթակառուցվածքների զարգացման, սննդի արդյունաբերության և առողջապահության ոլորտներում: Մենք համագործակցության լայն հնարավորություններ ունենք գյուղատնտեսության ոլորտում ՝ հաշվի առնելով մեր հարուստ գյուղատնտեսական ավանդույթները։ Եվ ես վստահ եմ, որ փորձի փոխանակումը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը, համատեղ գիտահետազոտական գործունեությունը կտան իրենց պտուղները",-ասել է գերատեսչության ղեկավարը։

 

Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների ՝ Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-հունիս ամիսներին կազմել է 171.2 մլն դոլար, ինչը գրեթե 2 անգամ գերազանցում է 2024թ. ցուցանիշը։

 

Ընդ որում, առևտրի առյուծի բաժինը Հայաստանից արտահանումն է (170.9 մլն դոլար)՝ տարեկան 95.4% աճով, մինչդեռ, ներմուծման ծավալը կազմել է ընդամենը 258.1 հազար դոլար՝ տարեկան 4.5 անգամ աճով։