
Արմինֆո. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) առաքելության անդամներին՝ հիմնադրամի տրանսպորտի և կապի հարցերով ղեկավար Արթուր Առաքելյանի գլխավորությամբ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցեր։
Աղբյուրը հիշեցնում է, որ նշված ճանապարհահատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։
Արկադի Չերչինյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ սերտ գործակցությունը նպաստում է ծրագրի արդյունավետ իրականացմանը։
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամները ներկայացրել են այս շաբաթ շինհրապարակ կատարած իրենց այցելության մանրամասները` նշելով, որ շինտեղամասերում աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Մասնավորապես, ծրագրի շրջանակներում աշխատում է մոտ 640 մարդ, ներգրավված է 230 միավոր շինտեխնիկա։
Կողմերն անդրադարձել են նաև Քաջարանի թունելի կառուցման և մոտեցնող ճանապարհների վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթին։ Նշվել է, որ հունիսի 22-ին բացվել են մրցութային հայտերը, ներկայացված փաստաթղթերն այժմ գնահատման փուլում են։ Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը նույնպես ֆինանսավորվում է ՀՀ կառավարության ու Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի կողմից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային այլ հարցեր։