Արմինֆո. 2025 թվականի 7 ամիսներին առցանց հարթակների միջոցով գործունեություն իրականացնող տաքսի ծառայությունները գեներացրել են մոտ 57 մլն ՀԴՄ կտրոն՝ շուրջ 16,9 մլն դոլար գումարի: Այդ մասին հաղորդել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ սոցցանցում։
«2025 թվականի 7 ամիսներին առցանց հարթակների միջոցով գործունեություն իրականացնող տաքսի ծառայությունները գեներացրել են մոտ 57 մլն ՀԴՄ կտրոն՝ ավելի քան 65,3 մլրդ դրամ գումարով, որից հաշվարկվել է շուրջ 2 մլրդ դրամ պետական տուրք:
Օնլայն ՀԴՄ համակարգը բարձրացրել է տաքսիների ոլորտի հարկային թափանցիկությունը։ Յուրաքանչյուր ուղևորություն ներդրում է պետական բյուջեում և հանրային բարօրության ապահովման գործում», - ընդգծել է ՊԵԿ ղեկավարը:
Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մարդատար-տաքսի մեքենաներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են ՊԵԿ համակարգին և տրամադրում են էլեկտրոնային հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ: Օրենսդրական փոփոխությունների համաձայն ՝ կանխիկ վճարման դեպքում 2024 թվականի սեպտեմբերի 1 - ից պետական տուրքը կազմում է յուրաքանչյուր ուղևորության ընդհանուր արժեքի 2% - ը, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 3,5%, 2026 թվականի հունվարի 1-ից՝ 5%: Անկանխիկ վճարման դեպքում տոկոսադրույքը սահմանվում է ուղևորության արժեքի 1.5% - ի չափով ՝ 2024 թվականի սեպտեմբերի 1 - ից, 2.5%՝ 2025 թվականի հունվարի 1-ից, 4%՝ 2026 թվականի հունվարի 1-ից: Տաքսիով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ նաև լիցենզիա: Այն տաքսու վարորդները, ովքեր չունեն համապատասխան լիցենզիա և չեն կատարում պետական տուրքի գումարի հաշվարկ, կտուգանվեն 500 հազար դրամով: Նորամուծությամբ նախատեսվում է ևս մեկ տուգանք ՝ առանց էլեկտրոնային կտրոնի փոխադրում իրականացնելու կամ դրա օգտագործման կանոնները խախտելու դեպքում տաքսիստները յուրաքանչյուր դեպքի համար պետք է վճարեն 200 հազար դրամ։