Արմինֆո. Երբ անցյալ տարի ակտիվացավ Եվրոպական միության հետ Հայաստանի մերձեցման շուրջ քննարկումը, ռուսական բիզնեսն սկսեց զգուշավորությամբ վերաբերվել Հայաստանի հետ առևտրային կապերի կառուցմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
"Ես այն ժամանակ ասացի, որ դա կարող է ազդել մեր երկկողմ առեւտրի վրա", - նշել է նա։
Այդ առումով Ռուսաստանի փոխվարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անցյալ տարի Հայաստանի հետ երկկողմ առեւտուրը կազմել է 12.4 մլրդ դոլար, մինչդեռ, այս տարի կհաջողվի գերազանցել ընդամենը 6 մլրդ դոլարի ցուցանիշը:
"Այսինքն, միայն այդ խոսակցությունների արժեքը Հայաստանի ապրանքաշրջանառության համար կազմել է 6 մլրդ դոլար։ Եթե այսպես շարունակվի, ապա ստիպված կլինենք որոշում կայացնել՝ վերագնահատել մեր տնտեսական քաղաքականությունն այդ երկրի նկատմամբ։ Հայաստանի իրավունքն է՝ որոշել, թե որտեղ պետք է լինի։ Բայց նրանք նաև հասկանում են, որ այդ դեպքում սակագնային ռեժիմն իրենց համար այլ կլինի, այդ ժամանակ մենք չենք ունենա ապրանքների ազատ տեղաշարժ մեր երկրների միջև, և չի լինի անմաքս առևտուր։ Դա բավական ցավոտ կարող է հարվածել Հայաստանի ապրանք արտադրողներին, հատկապես՝ գյուղատնտեսական ապրանք արտադրողներին, քանի որ շուկայի առանձնահատկություններն այնպիսին են, որ նրանց արտադրանքը պահանջված է Ռուսաստանում", - պարզաբանել է Օվերչուկը։
Նա նշել է, որ եթե Հայաստանը երբեւէ միանա ԵՄ-ին, և պահպանվեն ԵՄ-ի հետ ՌԴ-ի այսօրվա հարաբերությունները, ապա հարցեր կառաջանան նաև օդային փոխադրումների իրականացման առնչությամբ: Հիշեցնելով, որ ԵՄ երկինքը փակ է ռուսական ինքնաթիռների համար, ՌԴ փոխվարչապետն ընդգծել է, թե դա նշանակում է, որ Հայաստանի երկինքը նույնպես փակ է լինելու ռուսական ինքնաթիռների համար, իսկ Ռուսաստանի երկինքը՝ հայկական օդանավերի համար:
Բացի այդ, ինչպես նշել է Ռուսաստանի կառավարության ղեկավարի տեղակալը, երկիրը կկորցնի նաև իր մերձավոր հարևան Իրանի հետ ազատ առևտրի գոտու առավելությունները:
«Շատ հետևանքներ կարող են լինել, դրանք պետք է հասկանալ և գնահատել: Դա շատ վատ սցենար է, առաջին հերթին, սովորական մարդկանց համար, մենք դա չենք ուզում, ուստի մենք անկեղծորեն խոսում ենք այդ մասին: Իհարկե, Հայաստանը ԵՄ-ից ինչ-որ բան կստանա։ Նրա համար կբացվեն ինչ-որ նոր շուկաներ, ինչ-որ նոր երթուղիներ կհայտնվեն։ Նրանք ստիպված են լինելու կշռադատել այդ ամենը, նայել հավասարակշռությանը։ Արդյունքում՝ որոշելու է Հայաստանի ժողովուրդը։ Դա նրանց ընտրությունն է», - նշել է նա:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը 2025 թվականի հունվար-հուլիսին կրճատվել է 65,1 տոկոսով՝ կազմելով մոտ 4 մլրդ դոլար։ Ընդ որում, արտահանումը կրճատվել է 5,6 տոկոսով՝ մինչև 1,6 մլրդ դոլար՝ ներմուծման 63,9 տոկոսով՝ մինչև 2,4 մլրդ դոլար անկման ֆոնին։