Արմինֆո. Եվրոպական ներդրումային բանկն (ԵՆԲ) առաջարկել է փոփոխություն կատարել «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ծրագրի շրջանակում Հայաստանի հետ 236 մլն եվրոյի ֆինանսական համաձայնագրում: Փաստաթղթում փոփոխություններ կատարելու մասին թիվ 1 գրության ստորագրման առաջարկությունը հավանության է արժանացել Հայաստանի կառավարության սեպտեմբերի 11-ի նիստում:
Հիշեցնենք, որ Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ 236 մլն եվրոյի ֆինանսական համաձայնագրի ստորագրման մասին առաջարկությունն այդ ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության հավանությանն էր արժանացել 2024 թվականի նոյեմբերի 7-ին, ստորագրվել՝ 2024 թվականի նոյեմբերի 12-ին։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ 2025 թվականին նախատեսվում է սկսել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ երկարությամբ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) կառուցման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվելու են երեք ենթաբաժիններով ՝ հյուսիսային հատված ՝ 27,12 կմ երկարությամբ; Բարգուշատի թունելի հատված ՝ 8,65 կմ երկարությամբ, և հարավային հատված ՝ 24,25 կմ երկարությամբ: Ընդհանուր առմամբ, ինչպես 2024 թվականի մայիսին նշել էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, ճանապարհահատվածի երեք ենթաբաժինների կառուցման համար կպահանջվի 708 մլն եվրո վարկային միջոցներ։
Ֆինանսավորման մասին ընթացիկ համաձայնագրով նախատեսվում է համաֆինանսավորել Հյուսիս-Հարավ Սիսիան-Քաջարան նոր ճանապարհի 27.1 կմ երկարությամբ հյուսիսային և 24.25 կմ երկարությամբ հարավային հատվածների շինարարությունը՝ շուրջ 60 կմ երկարությամբ: Ճանապարհահատվածների կառուցումը թույլ կտա կրճատել Սիսիան - Քաջարան հատվածի երկարությունը, ինչը կհանգեցնի ճանապարհի անցման ժամանակի կրճատման, տրանսպորտային միջոցների երթևեկության միջին արագության ավելացման՝ ներկայիս 50 կմ/ժամից մինչեւ 100 կմ/ժամ, երթևեկության հարմարավետության ու անվտանգության մակարդակի բարձրացման: Ճանապարհահատվածների կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանը, տրանսպորտային ծախսերի նվազեցմանը և զբոսաշրջության զարգացմանը:
Հյուսիսային և հարավային հատվածներում ճանապարհաշինական աշխատանքները ներառում են ' ասֆալտբետոնե ծածկույթով եռաշերտ ճանապարհի կառուցում, 8 թունել, 27 կամուրջ, 3 տրանսպորտային հանգույց, 151 ջրատար, 71 հենապատ (6.3 կմ), անվտանգ երթևեկությունն ապահովող այլ աշխատանքների կատարում:
Նշվում է, որ այդ ֆինանսական համաձայնագիրը վավերացվել է 2025 թվականի հունիսի 12-ին և, ԵՆԲ-ից ստացված ծանուցման համաձայն, ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 27-ին: Այժմ ԵՆԲ-ը ներկայացրել է փաստաթղթում փոփոխություններ կատարելու մասին թիվ 1 գրության նախագիծը:
Նախագծով առաջարկվում է կատարել խմբագրական բնույթի մի շարք փոփոխություններ (վերաբերում են իրական շահառուների փողերի լվացման դեմ պայքարին, կանխավճարի մեխանիզմներին, շահերի բախմանը և այլն):
«Նախագիծը չի հանդիսանում համաձայնագիր, Ֆինանսական համաձայնագրի որևէ դրույթի կամ պայմանի փոփոխություն կամ հրաժարում: Առաջարկվող ուղղումները պայմանավորված են Ֆինանսական համաձայնագրի որոշ դրույթների հստակեցման անհրաժեշտությամբ», - ասվում է փաստաթղթում։