Արմինֆո. Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը գտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացման բացասական հետեւանքների առնչությամբ քաղաքացիների եւ տեղական բիզնեսի մտահոգությունները փարատելու համար, մասնավորապես, պետք է նրանց հետ խոսել եւ բացատրել, որ դրական կողմերն անհամեմատ ավելի շատ են, քան՝ բացասական կողմերը:
"Մենք պետք է մեր քաղաքացիներին ասենք, որ թուրքական ապրանքներն այսօր էլ գալիս են Հայաստան, սակայն՝ Վրաստանի տարածքով, որին տարանցման տուրք է վճարվում", - հայտարարել է նախարարը՝ ՀՀՀ-ի հարցազրույցում,՝ անդրադառնալով այն մտահոգությանը, որ Անկարայի հետ սահմանի բացումից հետո թուրքական էժան ապրանքները կհոսեն ՀՀ, ինչը հարվածի տակ կդնի տեղական արտադրությունը:
Նախարարը նշել է, որ սահմանի բացման դեպքում ներմուծումը մի փոքր կէժանանա։ Բայց կէժանանա նաեւ արտահանումը, "որովհետեւ մենք էլ ենք ապրանքներ ուղարկում այլ երկրներ՝ մեծ գումարներ վճարելով մեր արտահանման համար"։
«Այո, կլինեն որոշակի տարբերություններ: Կլինեն ընկերություններ, որոնք դժվարությունների կբախվեն, բայց մրցակցությանը պետք է դիմակայել։ Կարծում եմ՝ փոփոխություններ կլինեն, բայց դա չի լինի ցնցում, աղետ չի լինի, քանի որ այսօր էլ այդ ապրանքները մեզ են հասնում փոքր մարժայով", - ասել է Հովհաննիսյանը։
Ֆինանսների նախարարը դրանում ոչ մի վատ բան չի տեսնում, բայց մեծ հնարավորություններ է տեսնում։ «Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր։ Տարանցման հնարավորությունները պայմաններ կստեղծեն ինչպես ներդրումների, այնպես էլ Հայաստանում ապրանքների արտադրության և տարանցումից եկամուտներ ստանալու համար։ Այստեղ կան մեծ հնարավորություններ, որոնցից պետք է օգտվենք։ Չեմ պատկերացնում, թե ինչ պետք է անենք, ինչի արդյունքում ինչ-որ վատ բան տեղի կունենա", - ամփոփել է Հայաստանի գլխավոր ֆինանսիստը։