Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025 11:49
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են կիբեռլաբորատորիա ստեղծելու հարցը

Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են կիբեռլաբորատորիա ստեղծելու հարցը

Արմինֆո Սեպտեմբերի 12-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը։

 

Հայաստանի ՆԳՆ հաղորդագրության համաձայն, նախարար Սարգսյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և ընդգծել խաղաղության հաստատման գործում ԱՄՆ-ի ունեցած նշանակալի դերը։

 

Բարձր է գնահատվել նաև ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման երեք հուշագրերի ստորագրումը, որոնցով ՀՀ-ի համար բացվում են համագործակցության նոր հնարավորություններ։

 

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև երկկողմ արդյունավետ համագործակցությանը՝ ընդգծելով հատկապես կազմակերպված հանցավորության, կիբեռհանցագործությունների և անօրինական միգրացիայի դեմ պայքարը, կարևորել ոստիկանության բարեփոխումներին աջակցությունը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև կիբեռլաբորատորիա ստեղծելու շուրջ քննարկումների ընթացքը։

 

Բրենդան Հենրեհենը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, բարձր գնահատել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առկա սերտ գործընկերությունը և կարևորել Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել այն։

 

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա ներկայացված՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին առնչվող հարցեր։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցությանը վերաբերող այլ հարցեր։