Արմինֆո. Այսօրվա հարկաբյուջետային քաղաքականությունը տեխնիկական է, բայց ոչ ռազմավարական, այն ապահովում է ընթացակարգային կարգապահություն և թափանցիկություն, սակայն չի ծառայում որպես տնտեսական աճի ու կառուցվածքային վերափոխման գործիք։ Այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագիտության թեկնածու, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
«Ֆիսկալ քաղաքականությունը չունի կանխատեսելի կանոններ և հակացիկլային ճկունություն, որի հետևանքով բյուջեն մնում է պրո-ցիկլիկ՝ տնտեսական անկումների ժամանակ խորացնելով ճգնաժամերը։
Հարկային քաղաքականությունը կտրված է ֆիսկալ շրջանակից և չի խթանում զարգացումը, մասնավորապես, հարկային բեռի օպտիմալ մակարդակը, արտոնությունների արդյունավետությունը և հարկահավաքման որակի կապը տնտեսական արդյունքների հետ բացակայում են», - գրում է Անանյանը՝ սոցցանցում։
Տնտեսագետը համոզված է, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր դիզայն․ հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է դառնա տնտեսական ռազմավարության գործիք, իսկ հարկային համակարգը կառուցվի այնպես, որ ապահովի եկամուտների կայունություն, ներդրումային խթաններ և սոցիալական արդարություն։
Վերը թվարկված գաղափարներն Անանյանը փորձել է վերաշարադրել ժողովրդին ավելի հասկանալի լեզվով։ Ստացվել է այսպես․
«1. Մեր բյուջեն միայն հաշվում է, բայց չի զարգացնում։ Այսօրվա համակարգը կարգուկանոն է պահում, բայց չի ստեղծում աճ ու նոր հնարավորություններ։
2. Պետության դրամապանակը պետք է աշխատի մեզ համար, ոչ թե մեր դեմ։ Այսօր բյուջեն դառնում է ճգնաժամերի խորացման գործիք, որովհետև չունի ճկունություն դժվար պահերին։
3. Հարկային համակարգը կապ չունի մարդկանց ու բիզնեսի իրական կյանքի հետ, չկա արդար բեռ, չկա խթան ներդրումների ու աշխատանքի համար։
4. Պետք է փոխել ամբողջ տրամաբանությունը, մասնավորապես, հարկերն ու բյուջեն պետք է ծառայեն երեք նպատակի՝ կայուն եկամուտներ պետության համար, նոր ներդրումներ տնտեսության համար և արդարություն հասարակության համար։
Կարևոր է ոչ միայն լինել արհեստավարժ, այլև խոսել այնպես, որ քեզ հասկանա ու վստահի սեփական ժողովուրդդ», - գրել է ՊԵԿ նածկին նախագահը։