Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2025 14:35
Նաիրա Բադալյան

Հայաստանն ու Հունաստանը խորացնում են համագործակցությունը բանկային ոլորտում․ Երևանում "Բանկային համաժողով 2025"-ի շրջանակում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանն ու Հունաստանը խորացնում են համագործակցությունը բանկային ոլորտում․ Երևանում "Բանկային համաժողով 2025"-ի շրջանակում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Արմինֆո.ՀԲՄ նախաձեռնությամբ Երևանում մեկնարկած միջազգային բանկային ֆորումի շրջանակներում այսօր ստրագրվել է Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի բանկերի Միության (ՀԲՄ) և Հունական բանկերի ասոցիացիայի միջեւ։

 

ՀԲՄ հաղորդագրության համաձայն, հուշագիրը ստորագրել են ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը և և Հունաստանի բանկերի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Խարուլա Ապալագակին։

 

Ստորագրված հուշագրի նպատակն է խորացնել համագործակցությունը երկու երկրների բանկային ասոցիացիաների միջև՝ միտված կայուն ֆինանսական համակարգի ձևավորմանը և տնտեսական զարգացման խթանմանը։

 

Երկկողմ հուշագիրը կնպաստի կողմերի միջև փորձի և հնարավորությունների փոխանակմանը, կրթական ծրագրերի համատեղ անցկացմանը և վերապատրաստման ուղղություններով աշխատանքների իրականացմանը։

 

ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանի փոխանցմամբ՝ հուշագիրը կարևոր քայլ է Հայաստանի բանկային համակարգի միջազգային կապերի ընդլայնման և տարածաշրջանային համագործակցության խորացման գործում։

 

Հիշեցնենք, որ այսօր Երևանում մեկնարկած Հայաստանի բանկերի միության կազմակերպած ամենամյա բանկային համաժողովն այս տարի անցկացվում է "Բանկային համակարգի ապագան. կայուն զարգացում և նորարարության հեռանկարներ" խորագրի ներքո: Ինչպես նշում են ՀԲՄ-ում, "2025 թվականի բանկային համաժողովը" եզակի է ոչ միայն մասնակիցների քանակով, այլեւ քննարկվող թեմաների լայն շրջանակով։ Համախմբելով հայաստանյան և միջազգային ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչներին՝ համաժողովը նպատակ ունի քննարկել թվայնացման, կիբեռանվտանգության, ռիսկերի կառավարման, ֆինանսական ծառայությունների ժամանակակից ստանդարտների ներդրման, ինչպես նաև բանկային համակարգի ապագայի տեսլականի հետ կապված հարցեր:

 

Այս տարի համաժողովն իրենց ներկայությամբ պատվել են Հայաստանի բանկերի միության միջազգային գործընկերները, մասնավորապես՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Լեհաստանից, Հունաստանից և Վրաստանից:

 

Բանկային համաժողովն անցկացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկերի ասոցիացիայի և ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ: