Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2025 16:17
Նաիրա Բադալյան

Մեր նպատակն է բնակչությանը մատուցվող ֆինանսական ծառայությունները դարձնել առավել որակյալ և մատչելի. ՀԲՄ նախագահ

Մեր նպատակն է բնակչությանը մատուցվող ֆինանսական ծառայությունները դարձնել առավել որակյալ և մատչելի. ՀԲՄ նախագահ

Արմինֆո.«Բանկային ֆորում 2025»-ը բացառիկ է մասնակիցների թվով և քննարկվող հարցերի շրջանակով: Այդ մասին սեպտեմբերի 23-ին "Բանկային համակարգի ապագան. կայուն զարգացում եւ նորարարությունների հեռանկարներ" ամենամյա միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանը։

 

«Այս տարվա համաժողովը բացառիկ է ոչ միայն իր մասնակիցների թվով, այլեւ քննարկվող թեմաների լայնությամբ։ Համաժողովն իրենց ներկայությամբ պատվել են մեր միջազգային գործընկերները, մասնավորապես, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Լեհաստանից, Հունաստանից և Վրաստանից:

 

Ձեր ներկայությունը և մասնակցությունը հերթական անգամ հաստատում են, որ արդեն ավանդական դարձած մեր համաժողովը կայացել է և ծառայում է որպես հարթակ ոլորտային հարցերի քննարկման, նոր գործընկերային կապերի հաստատման եւ դրանց ընդլայնման համար», - ասել է նա:

 

Համաժողովն այս տարի յուրահատուկ է նրանով, որ այն համընկնում է Հայաստանի բանկերի միության հիմնադրման 30-ամյակին, շարունակել է ՀԲՄ ղեկավարը։

 

«Մեր համատեղ աշխատանքի, քննարկումների և համագործակցության հիմքում ընկած է մեկ կարևոր նպատակ ՝ բնակչությանը մատուցվող ֆինանսական ծառայությունները դարձնել առավել որակյալ և մատչելի: Մենք համոզված ենք, որ դրան կարելի է հասնել միայն երկխոսության և միջազգային լավագույն ստանդարտների ներդրման միջոցով: Միայն այդպես մենք կարող ենք ապահովել ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության աճ», - նշել է Դանիել Ազատյանը:

 

  1. Հիշեցնենք, որ բանկային համաժողովն անցկացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկերի ասոցիացիայի և ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ: