Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2025 17:27

Մարտին Գալստյան․ Բարձր վստահությունը բանկային համակարգի հետևողական բարեփոխումների արդյունք է

Մարտին Գալստյան․ Բարձր վստահությունը բանկային համակարգի հետևողական բարեփոխումների արդյունք է

Արմինֆո.Հայաստանի ֆինանսական շուկայի հետևողական բարելավումը՝ կարգավորումների կատարելագործումը, ենթակառուցվածքների ստեղծումը, ինչպիսիք են ավանդների երաշխավորման համակարգը, ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը, ազգային վճարային համակարգի, վարկային բյուրոյի ստեղծումը, հանգեցրել է հանրային ամուր վստահության ձևավորմանը Հայաստանի բանկային համակարգի հանդեպ: Այդ մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ II միջազգային բանկային համաժողովում:

 

Նա նշել է, որ այդ ողջ երկարատև և համակարգային աշխատանքի արդյունքում Հայաստանում ձևավորվել է մի համակարգ, որն ակտիվների ծավալով գերազանցում է երկրի ՀՆԱ-ն, մինչդեռ, 2000-ականների սկզբին այդ ցուցանիշը հավասար էր ՀՆԱ-ի 20 տոկոսին:

 

Նրա խոսքով, չնայած մեծ մարտահրավերներին, որոնց բախվել են ֆինանսական շուկան եւ բանկային համակարգը, ֆինանսական ոլորտը երկրում հաջողությամբ հաղթահարել է դրանք, միանգամայն կայուն է եւ պատրաստ է բավարարել ապագա պահանջները, որոնք շատ արագ փոխվում են: Աշխարհում մեծանում են տնտեսական անորոշությունները, կյանքի թվայնացման շատ արագ գործընթաց է ընթանում, ինչը պահանջում է ռիսկերի գնահատման և կառավարման մակարդակի էական բարձրացում։

 

Այդ առումով, ինչպես ընդգծել է Գալստյանը, բանկային համաժողովը դառնում է կարևոր հարթակ, որտեղ կարելի է փնտրել շուկայի մասնակիցներին հուզող հարցերի պատասխանները, ձևավորել ապագայի օրակարգ: Նման հարթակը կարգավորող մարմիններին հնարավորություն է տալիս մշտական երկխոսության մեջ մնալ շուկայի մասնակիցների հետ, որոնք կարող են կիսվել իրենց լավագույն փորձով։

 

Նշենք, որ Բանկային համաժողովը, որը կազմակերպվել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ և այս տարի անցնում է «Բանկինգի ապագան․ նորարարական կայուն զարգացում և հեռանկարներ» Հայաստանում անցկացվում է երկրորդ տարին։ Ներկայիս համաժողովը հավաքել է ավելի քան 500 մասնակիցների, որոնց թվում են հյուրեր ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, ԱՄԷ-ից, Լեհաստանից, Հունաստանից եւ Վրաստանից:

 

Միջոցառման ընթացքում այսօր տեղի են ունեցել պանելային քննարկումներ՝ նվիրված "պատժամիջոցների ըմբռնմանը" և համապատասխանությանն առնչվող ռիսկերի կառավարմանը, թվային փոխակերպման և արհեստական բանականության օգտագործման, երկրում կապիտալի շուկայի զարգացման հարցերին: Վաղը՝ սեպտեմբերի 24-ին, համաժողովում տեղի կունենան կարգավորման և տնտեսական աճի բնագավառի բարեփոխման հարցերի շուրջ պանելային լսումներ, կքննարկվեն կայուն ֆինանսավորման ոլորտին և ESG սկզբունքների պահպանմանն առնչվող մարտահրավերներն ու հնարավորությունները