Արմինֆո.Հոկտեմբերի 1-ից Վերին Լարսում մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ
2025 թվականի հոկտեմբերի 1-ից Ռուսաստանի Դաշնության ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում՝ Վերին Լարսի անցման կետում, կիրականացվի մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման Էլեկտրոնային համակարգի (ГИС ЭПД) կիրառումը։
Ինչպես հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս բեռնափոխադրողներին նախապես ամրագրել Վերին Լարսի անցակետ ժամանման օրվա և ժամի ընտրությունը՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ժամանակ։
Գրանցման համար անհրաժեշտ է․գրանցվել էլեկտրոնային հարթակում, հաստատել էլեկտրոնային փոստն ու հեռախոսահամարը, ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո, ստեղծել տրանսպորտային միջոցի քարտ՝ կցելով հաշվառման փաստաթղթի պատճենը և ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո։ Գրանցումն իրականացվում է հետևյալ հղումով՝ esia.epd-portal.ru։
Ավելի վաղ ՌԴ կառավարությունից հաղորդել էին, որ, Ռուսաստանի կառավարության կարգադրության համաձայն, 2025 թվականի հոկտեմբերի 1-ից "Վերին Լարս" ավտոմոբիլային անցակետում (ռուս-վրացական սահման) կգործարկվի ժամանակի պահուստավորման համակարգ (էլեկտրոնային հերթ): Դա թույլ կտա կարգավորել երթեւեկության հոսքերը եւ արագացնել պետական սահմանի անցման ժամանակը։
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհն այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանը և Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: Մաքսակետի գոտիների վերակառուցումն ավարտվել է ս. թ. հունիսի 15-ին ։ Արդյունքում՝ շահագործման է հանձնվել 15 նոր գիծ, ինչի արդյունքում անցակետում գործում է արդեն 39 գիծ, որից 12-ը՝ բեռնատարների համար (6 մուտք և 6 ելք), 24 - ը' մարդատար ավտոմեքենաների համար (12 մուտք և 12 ելք), 2-ը' մարդատար ավտոբուսների, և 1-ը ' ոչ մեծածավալ բեռների համար: Ըստ Հայաստանի ՊԵԿ-ի՝ նոր գծերի բացումից հետո անցակետի թողունակությունն աճել է 30% - ով, օրական միջինը ձևակերպվում է շուրջ 1300 բեռնատար, ինչը հանգեցրել է անցակետի երկու կողմերում հերթերի վերացմանը: