Արմինֆո. Վերջին օրերին իշխանական պաշտոնյաները շարունակում են գովերգել Թուրքիայի հետ սահմանների բացման հեռանկարը՝ այն ներկայացնելով որպես տնտեսական մեծ հնարավորությունների աղբյուր։ Սակայն խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ պատկերը այնքան էլ պարզ ու փայլուն չէ։ Այդ մասին սոցցանցում գրել է տնտեսագետ, տ.գ. թ., ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Անանյանը։
«Նախ և առաջ՝ տրանսպորտային ենթակառուցվածքները։ Մեր սահմանից Թուրքիաի սահմանը հատելուց հետո, Թուրքիայի տարածքում՝ մինչև Թուրքիայի հիմնական լոգիստիկ հանգույցներին հասանելիությունը, ճանապարհներն ու երկաթուղային կապերը կամ չկան, կամ բարվոք վիճակում չեն։ Թուրքիայի համար անհրաժեշտ են զգալի ներդրումներ՝ այդ ենթակառուցվածքները միջազգային ծանրաբեռնվածության համար համապատասխան դարձնելու նպատակով։ Նույնիսկ քաղաքական պատրաստակամության պարագայում այս գործընթացը արագ չի ընթանա։
Բացի դրանից, եթե անգամ բացվեն Մարգարայի կամ Ախուրիկի անցակետերը, և տրանսպորտային բարվոք ենթահամակարգերի առկայության պայմաններում Հայաստանը մուտք ստանա Թուրքիայի ճանապարհային ցանց, որը հնարավորություն կտա հասանելիություն ունենալ Միջերկրականի խոշոր նավահանգիստներին՝ Մերսինին ու Դերզեյին, ապա դրանց հեռավորության պատճառով (համապատասխանաբար՝ 850 և 950 կմ), տեղափոխվող բեռների ու ապրանքների ինքնարժեքը ոչ թե կնվազի, այլ կբարձրանա՝ երկար ճանապարհի և միջանկյալ ծախսերի պատճառով։
Երկրորդ՝ տնտեսական հավասարակշռություն։ Թուրքիայի տնտեսությունը Հայաստանից բազմապատիկ մեծ է, իսկ մեր տնտեսությունը բնութագրվում է թույլ դիմադրողականությամբ։ Սահմանների բացման պայմաններում ամենաարագ երևացող հետևանքը լինելու է թուրքական ապրանքների ինտենսիվ ներթափանցումը հայաստանյան շուկա։ Մեր արդյունաբերական ոլորտները, որոնց մրցունակության մակարդակը արդեն իսկ խոցելի է, դժվար թե դիմանան նման ճնշմանը։
Երրորդ՝ մաքսային քաղաքականության սահմանափակումներ։ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, զրկված է ինքնուրույն մաքսասակագնային հովանավորչական քաղաքականություն իրագործելու հնարավորությունից։ ԵԱՏՄ-ում մաքսասակագնային քաղաքականությանն առնչվող որոշումները կայացվում են միասնական մոտեցմամբ՝ կոնսենսուսով, հետևաբար, նույնիսկ եթե ցանկանանք պաշտպանել տեղական արտադրությունը՝ մաքսերի կամ սահմանափակումների միջոցով, դա իրագործելիության տեսանկյունից գործնականում գրեթե անհնար է։
Այս ամենը նշանակում է, որ սահմանների բացումը կարող է որոշակի քաղաքական ու հոգեբանական նշանակություն ունենալ, սակայն տնտեսական առումով այն պարունակում է ոչ թե հնարավորությունների դաշտ, այլ՝ խոցելիության և կախվածության ռիսկեր։ Եթե բացի խաղաղության խորհրդանշական ազդակից չկա լուրջ ռազմավարական հաշվարկ, ապա խոսել «մեծ տնտեսական օգուտների» մասին՝ պարզապես իրականությունից կտրված է», - գրել է Դավիթ Անանյանը։
Օրերս Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, վկայակոչելով Journal of Liberty and International Affairs ամսագրում հրապարակված իր հոդվածի (Խաղաղության խաչմերուկներ. տարածաշրջանային ինտեգրման եւ գլոբալ առեւտրի զարգացում հետկոնֆլիկտային համագործակցության միջոցով) հիմնական թեզերը, հայտարարել էր, թե Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների հնարավոր բացման հետ կապված բացասական սպասումները գիտական մակարդակով հերքվել են: «Մենք հաշվարկել ենք Export Similarity Index-ը (ESI) ՝ արտահանման նմանության ինդեքսը ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտահանման նմանությունը բացահայտելու համար։ Ցուցանիշը շատ փոքր էր՝ 0,25։ Իսկ դա խոսում է այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը, Հայաստանն ու Թուրքիան, հիմնականում, տարբեր ապրանքներ են արտահանում, նմանություն չկա նաև արտահանման շուկայում ։ Ընդ որում, Trade Complementarity Index-ը (TCI) ՝ առեւտրային փոխլրացման ինդեքսը բավականին բարձր է ՝ 0,5, ինչը վկայում է այն մասին, որ մի երկրի արտահանման ապրանքները համապատասխանում են մյուսի ներմուծման պահանջներին", - ասել էր Պապոյանը։ Այս ամենը, նախարարի համոզմամբ, խոսում է բոլորովին նոր իրավիճակ ստեղծելու մասին։ Այսինքն ՝ Հայաստանը կարող է իրեն անհրաժեշտ ապրանքները ներմուծել շատ ավելի ցածր գնով, որոնք այժմ ներկրվում են այլ երկրներից։ Դա կհանգեցնի ոչ միայն դիվերսիֆիկացման, այլեւ՝ գների իջեցման, նշել էր նախարարը ։