
Արմինֆո. Երևանի ավագանու անդամ Հովսեփ Կուբաթյանն ահազանգում է կաթնամթերքի գների զգալի բարձրացման մասին։
«Պատճառը պարտադիր դրոշմավորումն է, Նիկոլ Փաշինյանի կառավարության ստեղծած մենաշնորհը 44-օրյա պատերազմից 3 օր անց և խուճուճ սխեմաներով ընտրված ընկերությունը։ Օրինակ՝ առավոտյան արդեն իսկ «Մարիաննա» կաթնաշոռը 560 դրամից դարձել է 600 դրամ, թթվասերը՝ 660 դրամից 700 դրամ և այսպես շարունակ։
Ուշագրավ է սակայն, որ QR կոդերը ստանալու և տպագրելու համար տնտեսվարողները վճարում են 4.2 դրամ ստանալու և 2.2 դրամ տպագրելու համար։ Այսինքն՝ 1 միավոր ապրանքի վրա QR կոդ փակցնելու համար տնտեսվարողը վճարում է 6.4 դրամ, սակայն թանկացումն շատ ավելի զգալի է։
Ուշագրավ է նաև, որ QR կոդ ստանալու համար տնտեսվարողները վճարում են մասնավոր ընկերությանը, որը հռչակվել է ազգային օպերատոր և օրենքով մոնոպոլիստ է։
Շատ ավելի ուշագրավ է, թե ոնց է ընտրվել ազգային օպերատորը և ովքեր են այս գերշահավետ մենաշնորհ բիզնեսի սեփականատերերը», - գրել է Երեւանի ավագանու անդամը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։