
Արմինֆո. ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 2 - ի հերթական նիստում հավանություն է տվել "Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում կազմակերպված սակարկություններում արժեթղթերի անդրսահմանային տեղաբաշխման և շրջանառության մասին" համաձայնագիրը հաստատելու մասին " ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, Համաձայնագրի նպատակն է ապահովել ԵԱՏՄ անդամ պետություններում ցուցակված արժեթղթերի տեղաբաշխումն ու շրջանառությունը ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների տարածքում, ինչի արդյունքում թողարկողների համար ներդրումային միջոցների ներգրավման նոր հնարավորություններ են ստեղծվում:
Համաձայնագրում ամրագրված հիմնական սկզբունքներն են․ արժեթղթերի ոչ խտրական «մուտքը» ԵԱՏՄ միասնական բորսային հարթակ, արժեթղթերի շրջանառության, այդ թվում ՝ դրանց առաջնային տեղաբաշխման հնարավորությունը։
Համաձայնագրում ամրագրված սահմանափակումներն են. «մուտքի» հնարավորությունը միայն բաժնետոմսերի և պարտատոմսերի համար, «մուտքի» հնարավորությունը միայն բորսաների հիմնական (առաջատար) հարթակներում ցուցակված արժեթղթերի համար:
Համաձայնագրի կնքումը թույլ կտա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին ՝ ներդրումային ծառայություններ մատուցողներին (բրոքերներին և դիլերներին) ձեռք բերել ԵԱՏՄ անդամ պետությունների ֆոնդային բորսաներում ցուցակված և շրջանառվող արժեթղթեր ՝ առանց իրենց «հարազատ» բորսայից դուրս գալու և լրացուցիչ ծախսեր կրելու:
Հիշեցնենք, որ փաստաթուղթը ԵՏՀ Կոլեգիայի կողմից հավանության է արժանացել 2021 թվականի վերջին։ Այն ԵԱՏՄ երկրների թողարկողներին թույլ կտա Միության ֆոնդային բորսաներից որևէ մեկում տեղաբաշխել և շրջանառել բարձր հուսալիության կորպորատիվ արժեթղթեր ։ ԵԱՏՄ-ի տվյալներով՝ դրա գլխավոր նպատակը միության տարածքում ընդհանուր բորսային տարածքի ձևավորման հիմքերի ստեղծումն է։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Ռուսլան Բեկետաևը, համաձայնագրի իրականացման արդյունքը կդառնա ներդրումային ակտիվության բարձրացումը, կապիտալի ազատ տեղաշարժի համար պայմանների ստեղծումը, ֆինանսական ապրանքների հասանելիության և բազմազանության բարձրացումը, ինչպես նաև արժեթղթեր թողարկողների համար կապիտալի շուկաների հասանելիության ընդլայնումը: Այսպիսով, համաձայնագիրը զգալիորեն ընդլայնում է միության հինգ պետությունների կապիտալի շուկաների հասանելիությունը թողարկողների համար, իսկ սակարկությունների մասնակիցների համար ապահովում է ներդրումների նոր գործիքների հասանելիությունը։