Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2025 17:05
Ալեքսանդր Ավանեսով

ՎԶԵԲ-ը կշարունակի ակտիվորեն աջակցել ՀՀ կառավարության ռազմավարական բարեփոխումներին

ՎԶԵԲ-ը կշարունակի ակտիվորեն աջակցել ՀՀ կառավարության ռազմավարական բարեփոխումներին

Արմինֆո.Բրյուսելում ընթացող «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ։

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընթացիկ ծրագրերն ու զարգացման հնարավորությունները։

 

Վարչապետ Փաշինյանը կարևորել է բանկի ներգրավվածությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ ենթակառուցվածքների, էներգետիկայի, կապի և թվային տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված նախաձեռնություններում։

 

Օդիլ Ռենո-Բասսոն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը շարունակելու է ակտիվորեն աջակցել Հայաստանի Կառավարության ռազմավարական բարեփոխումներին և մասնավոր հատվածի ներուժի զարգացմանը նպաստող ծրագրերին։

 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև նոր հնարավորությունների շուրջ՝ կապված կանաչ էներգիայի, կայուն զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման հետ։

 

Հիշեցնենք, որ 2024 թվականին ՎԶԵԲ-ը Հայաստանում ներդրել է ռեկորդային 400 մլն եվրո ՝ համագործակցության ողջ պատմության ընթացքում հասնելով ավելի քան 2,6 մլրդ եվրոյի ներդրումների ընդհանուր ծավալի 224 նախագծերում։ Բանկի առաջնահերթություններն են մասնավոր հատվածին աջակցությունը, ենթակառուցվածքի զարգացումը, հատկապես՝ կանաչ, և Հայաստանում ընկերությունների մրցունակության բարձրացումը: