Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025 11:27
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում կհայտնվի 160 մլն դոլար արժողությամբ խոշոր տեխնոլոգիական պարկ

Հայաստանում կհայտնվի 160 մլն դոլար արժողությամբ խոշոր տեխնոլոգիական պարկ

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 9-ին այցելել է Դալան Տեխնոպարկի շինարարական հրապարակ`խոշորագույն համալիրի կառուցապատման ընթացքին ծանոթանալու

նպատակով։ Շրջայցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, ընդհանուր առմամբ, համալիրում բիզնես պարկի տարածքը կազմում է 154 հազար քմ, գրասենյակային տարածքը՝ 34.3 հազար քմ։ Արդեն իսկ իրականացվել է 80 մլն դոլարի ներդրում, ևս 80 մլն դոլար նախատեսվում է ներդնել համալիրը ավարտական տեսքի հասցնելու նպատակով։

Դալան Տեխնոպարկը բիզնես էկոհամակարգ է, որն առաջարկում է իր տեսակի մեջ առաջին ժամանակակից աշխատանքային տարածքը տարածաշրջանում, որը նախատեսված է միջազգային LEED և BOMA ստանդարտներով։

Գևորգ Պապոյանը շրջել է համալիրի շինհրապարակում, հետևել ընթացիկ և նախատեսվող աշխատանքներին։

Դալան Տեխնոպարկում ներկայացված են լինելու բիզնես լաունջներ, կոնֆերանս դահլիճներ, ընդհանուր աշխատանքային տարածքներ, հանգստի հանգույցներ, ռեստորաններ, միջոցառումների սրահներ, սրճարաններ և կանաչ տարածքներ: