
Արմինֆո. Հայաստանում անհրաժեշտ է անցում կատարել «կայունության սուբսիդավորումից» դեպի «նորարարության ներդրում»։ Ավելորդ է ասել, որ պետական քաղաքականության ոլորտում շեշտը ծրագրերի քանակի կամ դրանց քանակային ցուցանիշների վրա դնելու փոխարեն, պետք է առավել կարևորել դրանց փոխգործակցությունը։
Այդ մասին իր հոդվածում գրում է "Ամերիա" ընկերության գործընկեր, կառավարչական խորհրդատվության ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, խոսելով այն դասերի մասին, որոնք երկիրը պետք է քաղի տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արդյունքներից:
Փորձագետը հիշեցրել է, որ 2025 թ․ Նոբելյան մրցանակը տնտեսագիտության ոլորտում շնորհվել է Ֆիլիպ Աղիոնին, Փիթեր Հաուիթին և Ջոել Մոկիրին՝ Ջոզեֆ Շումպետերի «ստեղծարար կործանման» (creative disruption) գաղափարը ժամանակակից կայուն աճի տեսության վերածելու համար։
«Մասնավորապես, նրանց հետազոտությունները հաստատում են առանցքային ճշմարտությունը, որ դեռ մեծն Շումպետերն էր զգացել մասնագիտական հոտառությամբ՝ տնտեսական զարգացումը տեղի է ունենում ոչ թե գոյություն ունեցող կառուցվածքների պահպանման, այլ դրանց մշտական նորացման միջոցով», - նշել է Տիգրան Ջրբաշյանը։
Այդ համատեքստում տնտեսագետը հարց է տվել, թե ինչ պետք է փոխել Հայաստանի տնտեսական քաղաքականությունում։ Առաջին հերթին, նա նշում է սուբսիդավորման ծրագրերտը նորարարական արդյունքներին ուղղելու անհրաժեշտությունը։ «Պետությունը սուբսիդավորում է տնտեսության արդիականացումը, սակայն արդիականության չափանիշ համարում է միայն սարքավորման նոր (չօգտագործված լինելը), ինչի արդյունքում մեր տնտեսվարողներին հաճախ «բաժինը են ընկնում» ոչ թե վերջին սերնդի տեխնոլոգիաներ, այլ բարոյապես մաշված տեխնոլոգիաներ։ Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու՝ սուբսիդավորման առարկայի նկատմամբ ավելի խիստ պայմաններ պետք է սահմանել», - գրում է Ջրբաշյանը։
Նա նշում է, որ կաաարեւոր է նաեւ գիտության, տեխնոլոգիաների և արդյունաբերության քաղաքականությունների ինտեգրումը։ «Ներկայումս փոխկապակցված ոլորտներում պետական քաղաքականությունները մշակվում են մեկուսի և չեն փոխլրացնում միմյանց։ Այսպես, մի քանի ամիս առաջ էկոնոմիկայի նախարարությունը շրջանառել էր ՓՄՁ մրցունակության ռազմավարական ծրագիրը, իսկ օրերս, ԲԿԳԿ-ն հայտարարեց ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030թթ. ռազմավարական ծրագիրը հանրային քննարկման դնելու մասին։ Ինչքան էլ զարմանալի լինի, երկրորդ ռազմավարական ծրագրում ոչինչ չկա առաջինի մասին։ Այնինչ պետք է խթանել R&D նախագծերը՝ համալսարանների, ստարտափների և բիզնեսի միջև, ավելին համալսարանները պետք է դառնան գիտությունից բիզնես անցման իրական կամուրջներ», - նշում է մասնագետը։
Տնտեսագետը նշում է նաեւ ՏՏ հարկային արտոնություններն իրական նորարարության ուղղությամբ վերանայելու անհրաժեշտությունը։ Ջրբաշյանն ընդգծել է, որ ներկայումս ՏՏ ոլորտում հարկային արտոնությունները մասայաբար ներառում են outsourcing-ային ծառայություններ մատուցող ընկերությունների սուբսիդավորում, որով ըստ էության սուբսիդավորում ենք այլ երկրների ՏՏ պրոդուկտների մրցունակության բարձրացմանը, այնինչ պետք է տարբերակել՝ նախապատվությունը տալով սեփական պրոդուկտների, տեխնոլոգիաների վրա աշխատող կազմակերպություններին։
Չափազանց կաաարեւոր է նաեւ մարդկային կապիտալի զարգացումը՝ վերափոխման համար։
Ներկայումս կրթական բարեփոխումները քիչ են կապված շուկայի փոփոխությունների հետ, այնինչ գործատուներին պետք է ակտիվորեն ներառել ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում, ինչպես նաև սահմանել «նորարարական հմտությունների ցուցանիշ» աշխատուժի՝ նոր ոլորտների համար, պատրաստվածությունը գնահատելու համար։
Փորձագետը պակաս կաաարեւոր չի համարում նաեւ պետական քաղաքականության մշակման մոտեցման փոփոխությունը՝ անցում կատարելով agile մոտեցմանը։
Ներկայումս պետական կառավարման համակարգը դանդաղ է յուրացնում նորարարությունները։ Այնինչ պետք է ստեղծել policy sandbox հարթակներ, որտեղ շարունակական նորարարությունների միջոցով հնարավոր կլինի ներդնել, ապա scale up անել նոր միջոցառումներ՝ ապահովելով դրանց բարձր արդյունավերությունը։
Վերջում Ջրբաշյանը հիշեցրել է Շումպետերի խոսքերը, ով ասում էր․ "Արդյունաբերական մուտացիայի գործընթացը, որը շարունակաբար հեղափոխում է տնտեսական կառուցվածքը ներսից ՝ շարունակաբար ոչնչացնելով հինը և ստեղծելով նորը, ստեղծագործական ոչնչացման այդ գործընթացը կապիտալիզմի էական փաստն է":