
Արմինֆո. Արհեստական բանականությունն ապագա չէ, այն արդեն ներկա է, այն փոխում է արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը, ֆինանսական համակարգը և, նույնիսկ, որոշումների կայացման մշակույթը: Այդ մասին հոկտեմբերի 14-ին հայտարարել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը՝ Silicon Mountains 2025 AI Anatomy ֆորումում, որը նվիրված է արհեստական բանականությանը։
Նրա խոսքով՝ ներկայիս համաժողովը թվով իններորդն է, որոնցից երկուսն անցկացվել են երկրի մարզերում: Այս տարիների ընթացքում, ինչպես նշել է Մուսայելյանը, համաժողովը վերածվել է Հայաստանի առանցքային տեխնոլոգիական հարթակներից մեկի, որը միավորում է տեխնոլոգիական առաջատարներին, պետական կառույցներին, միջազգային գործընկերներին, մասնավոր հատվածն ու կրթական հաստատությունները՝ մեկ ընդհանուր նպատակով․ ստեղծել խելացի երկիր: "Մենք ցանկանում ենք ոգեշնչել երիտասարդությանը, ցույց տալ նրանց Հայաստանի տեխնոլոգիական անցյալը, ոլորտի իրական հերոսներին, մարդկանց, ովքեր տարիներ շարունակ կառուցել են մեր տեխնոլոգիական հիմքերը և ֆինանսավորել զարգացումը", - ասել է Մուսայելյանը: Նա ընդգծել է, որ այս տարվա գլխավոր թեման "Արհեստական բանականնության անատոմիան" է ։ Բայց, ինչպես ցանկացած տեխնոլոգիական հեղափոխություն, ԱԲ-ը բերում է նոր մարտահրավերներ՝ տվյալների գաղտնիություն, էթիկա, աշխատաշուկայի փոխակերպում: "Մենք պետք է պատրաստ լինենք այդ փոփոխություններին։ Տեխնոլոգիաները պետք է ծառայեն մարդուն, այլ ոչ թե՝ հակառակը: Վերջին մեկ տարվա ընթացքում գործարկվել է եզակի նախագիծ՝ արհեստական բանականության դասավանդումը STEM AI ավագ դպրոցներում", - հաղորդել է Մուսայելյանը, հավելելով, որ 2024 թվականի հոկտեմբերից ծրագիրը գործում է Հայաստանի 15 դպրոցներում ։ Նրա խոսքով՝ ծրագիրն իրականացնում են ՏՀՏ գործատուների միությունը, ԿԳՄՍՆ-ը, Synopsys Armenia-ն և UATC հայ-ամերիկյան քոլեջը